Տեքստ Ամստերդամում անցկացվող հաքերային Mobile Pwn2Own մրցույթի մասնակիցներին հաջողվել է կոտրել iPhone 4S և Samsung Galaxy S III սմարթֆոնները: Այս մասին հայտնում է Сomputerworld-ը:
iPhone 4S-ի խոցելիությունը կարողացել են գտնել համակարգչային անվտանգության ոլորտի նիդեռլանդացի մասնագետներ Յոսթ Փոլն ու Դաան Քեյփերը՝ Certified Secure ընկերությունից: Նրանք կարողացել են WebKit բրաուզերային շարժիչի միջոցով վերահսկողություն հաստատել ապարատի վրա և ներբեռնել լուսանկարներ, կոնտակտներ և այլ տվյալներ:
Հարձակմանը չեն դիմացել ինչպես iOS 5.1.1, այնպես էլ iOS 6 օպերացիոն համակարգի նախնական տարբերակով աշխատող սմարթֆոնները: Հաղորդվում է նաև, որ խոցելի են iPad-ը, iPhone 4-ը և iPod touch-ը:
Հաքերներին հաջողվել է կոտրել նաև Galaxy S III-ը, ինչի համար օգտագործվել է անլար կապի NFC տեխնոլոգիան: Նրանք կարողացել են երկու կոտրված ապարատներից մեկի միջոցով մյուսին վտանգավոր ծրագիր փոխանցել:
2007 թվականից անցկացվող մրցույթի կազմակերպիչները հաղթողներին պարգևատրել են 30 հազարական դոլարով և BlackBerry սմարթֆոններով:











































