Այսօր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն:
Երևանի և մարզային ստորաբաժանումների 8 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և իրենց գործունեությամբ կծառայեն ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:
Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և 2012 թվականի առաջին կիսամյակի առաջադրանքները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 18 աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով, 16-ը՝ դրամական պարգևատրումով, մեկին շնորհվել է արտահերթ կոչում, իսկ 6 հարկադիր կատարողի կարգապահական տույժը վաղաժամկետ հանվել է:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ: Մաղթում եմ առողջություն, կամք և վճռականություն հայոց անկախ պետականության ամրապնդման գործում: Միասնական ուժերով մենք կկարողանանք կերտել մեր նորանկախ պետության լավագույն էջերը»,- նշել է Միհրան Պողոսյանը:









































