Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ այսօր բանավիճում էին ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Հակոբ Հակոբյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ համաձայն դրանց, մինչև մեկ տարի աշխատանքային փորձ ունեցող հղի կանանց անաշխատունակության նպաստը կփոխհատուցվի հետևյալ սկզբունքով`տարեկան եկամուտը բաժանելով 12-ի:
«Մենք ընդունեցինք, որ սխալ ենք, և ուղղեցինք օրենքը»,- նկատեց Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարության կայքում շուրջ 15 օր քննարկվել է այս օրենքի նախագիծը, և գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են: Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ նախորդ օրենքից տուժածները ևս ստանալու են իրենց փոխհատուցումները:
Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ լավ կլիներ՝ բանը դրան չհասներ, և ի սկզբանե օրենքն ընդունվեր այս տեսքով: Նա հույս հայտնեց, որ այսուհետ պետք է ակնկալել ժողովրդի համար նպաստավոր օրենքներ: