Ինչպես հաղորդում է 9news.com կայքը, ԱՄՆ-ից հնարավոր է՝ մոտ ժամանակներս արտաքսեն 13-ամյա հայ պատանի Արսեն Մկրտչյանին, որը տառապում է ծանր հիվանդությամբ: Արսենը Դենվեր քաղաքում է հայտնվել այն ժամանակ, երբ նրա մոտ հայտնաբերվել է շնչառական ուղիների ծանր հիվանդություն: Այն ժամանակ Արսենը եղել է 6 տարեկան:
Հիվանդությունը հայտնաբերելուց հետո Արսենի մայրը ինտերնետի միջոցով կարողացել է ԱՄՆ-ում գտնել այն բժշկական կենտրոնը, որը կարող էր օգնել իր որդուն, իսկ ճանապարհածախսն էլ հոգացել էր Լոս Անջելեսում բնակվող մի բարերար:
Արսենը մինչև հիմա տարել է 96 վիրահատություն, և անհրաժեշտություն կա, որ նա մշտապես գտնվի տեղի բժիշկների հսկողության տակ: Սակայն խնդիրն այն է, որ հունվար ամսին ավարտվել է Արսենի և նրա մոր ԱՄՆ-ում կացության իրավունքը, որը նրանց տրվել էր Արսենի բուժումն ԱՄՆ-ում ապահովելու համար:
Նրանց դիմումը` երկարացնելու կացության իրավունքը, ԱՄՆ իշխանությունները մերժել են: Կոլորադոյի պետական համալսարանի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի բժիշկ Ռամ Ստրենգթը հայտարարել է որ սա «կյանքի և մահու պայքար է», և անհրաժեշտ է, որ Արսենը մնա իրենց հսկողության տակ:
Հիմա Արսենն ու իր մայրը ունեն մեկ հնարավորություն` դիմելու Humanitarian Parole կոչվող իրավունքի համար, որը տրվում է այն անձանց, ովքեր բուժման կարիք ունեն: Այդ իրավունքը չի դադարում գործել, քանի դեռ հիվանդը չի ապաքինվել: Կացության այս իրավունքը շնորհելու համար դիմել են նաև Արսենի բժիշկները:










































