Բարձր կենտրոնացվածություն ունեցող շաքարավազի, հացահատիկի և դիզվառելիքի շուկաները գտնվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա ուշադրության և հսկողության կենտրոնում: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան` ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում ալյուրի և ցորենի շուկայում՝ պարզելու հացամթերքի գների բարձրացման պատճառը: Շաբոյանն ընդգծեց, որ և՛ ալյուրի, և՛ ցորենի շուկան բարձր կենտրոնացված շուկաներ են, որտեղ երեք ընկերություններ են գործում ընդամենը:
Միաժամանակ Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ միջազգային շուկայում հացահատիկի գները բարձրացել են, և չի բացառվում, որ հայաստանյան թանկացումներն էլ դրա հետևանք են:
«Այս պահին գնահատական չեմ տա, թե որքանով է դա հիմնավոր, բայց հիմքեր կան` կարծելու, որ դա պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































