ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա օգոստոսին հուլիսի նկատմամբ աճել է 21.0%-ով, իսկ 2012 թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ, ցուցանիշն աճել է 8.3%-ով: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս տարի օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրված վերջին շրջանում աննախադեպ 21% աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության 84.1% աճով: Մյուս ոլորտներում աճը շատ չնչին է կամ ուղղակի անկում է եղել: Մասնավորապես, նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.7%-ով, միջին անվանական աշխատավարձը՝ 4.1%-ով: Աշխատավարձի նման անկման հետ մեկտեղ սպառողական գները նվազել են ընդամենը 0.4%-ով:
Ի տարբերություն նախորդ ամիսների` օգոստոսին, հուլիսի համեմատ, աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 12.3% (թեև 2012 թ. հունվար-օգոստոսին, 2011 թ. հունվար-օգոստոսի համեմատ, ոլորտում նկատվել է 4.1% անկում):
Օգոստոսին, հուլիսի համեմատ, որոշ չափով ավելացել են առևտրաշրջանառությունը՝ 4.3% (12-ամսյա աճը՝ 2.8%), ծառայությունների ծավալը՝ 0.7% (12-ամսյա աճը՝ 11.5%), էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.1% (12-ամսյա աճը՝ 7.1%): Տարվա առաջին 8 ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 7.7%-ով (12-ամսյա աճը՝ 5.5%), այդ թվում՝ արտահանումը 1.3% (12-ամսյա աճը՝ 11.4%) և ներմուծումը 10.0% (12-ամսյա աճը՝ 3.6%):









































