Այսօր կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը որոշակի տեղեկատվություն ներկայացրեց` կապված Ազգային գրադարանի շենքի շինաշխատանքներում արձանագրված թերությունների հետ:
Նախարարը նշեց, որ ըստ նախնական ուսումնասիրությունների` շենքի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են բազմաթիվ թերություններով: Մասնավորապես` չեն կատարվել շենքի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
«Հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել. նախապատվությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին, շենքը ապահովված չէ ջեռուցմամբ և օդափոխությամբ, իսկ այդ նպատակով հատկացված գումարները ծախսվել են այլ աշխատանքների համար: Աշխատանքների զգալի մասը պետք է նորից իրականացվի»,- ասաց նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս ամենն ուղղակի խայտառակություն անվանեց: «Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, և աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն: Պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի»,- նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա հանձնարարականով` վարչապետի վերահսկողության ծառայությունն ու Քաղաքաշինության տեսչությունը համատեղ ուսումնասիրություններ կկատարեն, իսկ նյութերը կհանձնվեն իրավապահ մարմիններին:
«Եթե այսպիսի կարևորագույն օբյեկտի դեպքում են այսպիսի լկտիություններ կատարվում, ապա կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչպիսի խախտումներ են լինելու»,- նկատեց վարչապետը:
Նշենք, որ Ազգային գրադարանի շենքը կառուցվել է 1937 թվականին, հիմնանորոգվել 2008-2011 թվականներին: Ընդհանուր առմամբ ծախսվել է 690 մլն դրամ, սակայն շինաշխատանքներում բազմաթիվ թերություններ են արձանագրվել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































