Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ԱՄՆ պահուստներում եղած նավթի հում պաշարների տվյալների և Չինաստանի արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվության ինդեքսի պատճառով:
Վերլուծաբանները նավթի գնի նվազումը բացատրում են նաև Սաուդյան Արաբիայի՝ ածխաջրածնի արդյունահանման ծավալների մեծացմամբ։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ նավթի բարձր գները կխոչընդոտեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը:
Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ում «սև ոսկու» տնտեսական պահուստները սեպտեմբերի 14-ով ավարտվող շաբաթվա մեջ աճել են 8,5 մլն բարելով կամ 2,4%-ով՝ մինչև 367,6 մլն բարել: Ընդ որում՝ Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները կանխատեսում էին ցուցանիշի՝ 1 մլն բարելով աճ:
Brent մակնիշի նավթի գինը InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) բորսայում սեպտեմբերի 19-ի աճուրդում նվազել է 3,84 դոլարով և կազմել 108,19 դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI (Light Sweet) նավթի գինը New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում նույն օրում նվազել է 3,31 դոլարով ու կազմել 91,98 դոլար՝ 1 բարելի դիմաց:







































