ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զույցում տեղեկացրեց, nr ՀԱԿ-ն իր խոստացված սեպտեմբերյան հանրահավաքը կանցկացնի հոկտեմբերին: Իսկ նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ ևս որևէ որոշում չի կայացվել:
– Տիկին Սարգսյան, ՀԱԿ-ը խոստացել էր սեպտեմբերին հանրահավաք հրավիրել, սակայն հետաձգվում է: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է Կոնգրեսը պասիվացել:
– Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի հայտարարել` արդյոք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու է, թե ոչ, հետևաբար սպասում ենք, տեսնենք` ինչ զարգացումներ կլինեն, նաև կստուգենք մեր հնարավորությունները մասնակցության մասով, որից հետո հանրահավաք կլինի: Ես կարծում եմ, որ հանրահավաքը պետք է անել հոկտեմբերի 10-ի հատվածում, պատճառն էլ արդեն նշեցի, որ զարգացումները դեռևս կիզակետին չեն հասել:
– Այսինքն`դեռևս շո՞ւտ է հանրահավաք հրավիրելու համար:
– Այո, մենք գտնում ենք, որ շուտ է, մենք ասել ենք սեպտեմբերին, բայց կանենք հոկտեմբերին, այդտեղ ոչ մի պրոբլեմ չենք տեսնում:
– Ի՞նչ նախադրյալներ պետք է լինեն, որ ՀԱԿ առաջնորդ Լետն Տեր-Պետրոսյանը որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:
– Հիմա ես չեմ կարող այդպես մանրամասների մեջ խորանալ և իմաստ էլ չեմ տեսնում: Բազմաթիվ պայմաններ են պետք, ամեն դեպքում, որոշումը կայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը`իր անձի մասով:
– Այժմ ՀԱԿ-ում քննարկումներ ընթանում են` Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ կապված:
– Քննարկումն ավելի շատ ընթանում է ընդհանուր երկրում ստեղծված իրավիճակի մասին, վերլուծվում են քաղաքական դիրքորոշումները:
– Երեկ ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ էր հրավիրել, ի՞նչ քննարկեցիք նիստի ընթացքում, ո՞րն էր առանցքային թեման:
– Քաղխորհրդի հարցով ոչինչ չեմ պատասխանելու, խնդրում եմ դիմեք Լևոն Զուրաբյանին:
– Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նիստ էր հրավիրել, որի ժամանակ անխնա քննադատեց կառավարության աշխատանքն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին…
– Ինձ համար դա երեք արարողությամբ ներկայացում էր, որը շատ լավ կազմակերպված էր`չնայած արդեն չի աշխատում: Ս. Սարգսյանը փորձում է նախընտրական քարոզարշավ տանել և իր իսկ ստեղծած թիմին քննադատելով` աչքի ընկնել: Ընդամենը լավ շոու էր կազմակերպված:
– Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքն անընդհատ սպասել է, որ փոփոխություններ կլինեն, տարիների ընթացքում կառավարությունը պետք է ավելի լավ արդյունք ցուցաբերեր, բայց ոչինչ չի փոխվել:
– Դա զուտ բեմականացում էր, որով փորձում էր ցույց տալ, թե ինքը ինչ վճռական է, ինչ պահանջատեր է, թե այսքան տարիների ընթացքում այդ թեմաները շոշափվում էին, բայց հարցերը չեն լուծվել: Շատ ներողություն, եթե 4 տարի է`դու տեղյակ ես, որ այս կառավարությունն ի վիճակի չէ քո դրած խնդիրները լուծել, այդ դեպքում ինչո՞ւ ես նորից նույն վարչապետին նշանակում: Այստեղ մի պարզ բան կա. ամեն ինչ գլխավորում է ինքը, ամեն ինչից տեղյակ է ինքը և իզուր է փորձում իրեն մաքրել երկրում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացներից: Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե որ ոլորտում ինչքան են վերահսկվում հենց իր կողմից, իր եղբոր կողմից: Վերահսկիչ պալատը տարիներ շարունակ տվյալներ է ներկայացրել, ինչո՞ւ մինչև հիմա ոչ ոք պատժված չէ, եթե այդքան վճռական է Ս.Սարգսյանը: Մարդը, ուրիշներին գցելով, փորձում է իր կշիռը բարձրացնել:










































