«Արդեն տպավորություն է ստեղծվում, որ մենք սկսում ենք վիճարկել Սամվել Բալասանյանի պատկանելիության հեղինակային իրավունքը: Սա, կարծում եմ, անլուրջ զբաղմունք է»: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի այն հայտարարությանը, թե` ինքը զարմանում է, որ դեռևս կան մարդիկ, որոնք «ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել, այն էլ` նրանից հետո, երբ նախագահը կոնկրետ ասում է, որ իրեն ինքն է առաջադրել»:
Ն. Զոհրաբյանի խոսքով` նախագահի հայտարարությունից հետո Ս. Բալասանյանը պաշտոնապես հայտարարել է, որ իրեն առաջադրել է ԲՀԿ-ն, ու ինքը երախտապարտ է կուսակցությանը իր առաջադրման համար: «Եթե Ս. Ավետիսյանը շատ է ուզում, կարող է որպես գյումրեցի` Ս. Բալասանյանին համարել նաև իր քաղաքապետը: Արդեն անհարմար իրավիճակ է ստեղծվում, որ մենք սկսում ենք վիճարկել Բալասանյանի պատկանելիության հեղինակային իրավունքը: Ես սա անարժանապատիվ երկխոսություն եմ համարում»,-ասել է նա` հավելելով, որ անկախ նրանից` ՀՀԿ-ն կսատարե՞ր Բալասանյանին, թե՞ ոչ, ԲՀԿ-ն, միևնույն է` առաջադրելու էր նրա թեկնածությունը:
«Եթե ՀՀԿ-ն գտնում էր, որ ունի արժանավոր թեկնածու, որևէ մեկը նրան չէր խանգարում, ձեռքը չէր բռնել, որ իրենք առաջադրեին իրենց այդքան արժանավոր թեկնածուին»,- շեշտել է Ն. Զոհրաբյանը:











































