Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում տեղի են ունենալու հիմնական արտահանման խողովակաշարի պաշտպանությանը նվիրված հրամանատարա-շտաբային վարժանքներ, որոնց մասնակցելու են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինծառայողները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Հավիտենականություն – 2012» անվանմամբ, համակարգչային աջակցությամբ այդ զորավարժություններն անցկացվում են տարեկան մեկ անգամ: Դրանց մասնակցում են զինծառայողներ, խողովակաշարերի պաշտպանության համար պատասխանատու ուժային կառույցների ներկայացուցիչներ և խողովակաշարարերի ղեկավարման գերատեսչությունների պատասխանատուներ:
Զորավարժությունների ընթացքում դիտարկվելու է հնարավոր սպառնալիքների ժամանակ պաշտպանական գործողությունների պլանը: Թուրքական կողմից վարժանքներին մասնակցում են ժանդարմերիայի և «Բոթաշ» ընկերության ներկայացուցիչները: Այդ քառօրյա վարժանքները մեկնարկելու են սեպտեմբերի 24-ին:








































