Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին առաջարկել է Սիրիա դիտորդներ ուղարկել տարածաշրջանի 4 երկրներից՝ Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից: Այս մասին տեղեկացնում է լիբիական «Ալ-Մանար» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրանական պաշտոնական ԶԼՄ-ներին, որոնք հրապարակել էին Թեհրանի նախաձեռնությունը:
Սալեհին, որը երեկ Կահիրեում մասնակցել է Սիրիայի հարցով «կապի խմբի» նիստին (ստեղծվել է օգոստոսին` Մեքքայում Իսլամական գագաթնաժողովում), որևէ մանրամասն չի հաղորդել իր առաջարկի վերաբերյալ և առաջարկել է առավել մանրամասն քննարկել նախաձեռնությունը Նյու Յորքում ու Թեհրանում քառյակի հանդիպումներին:
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի դիվանագիտական ջանքերն ուղղված են «Սիրիայում բռնությունների դադարեցմանը և քաղաքական կարգավորման գործընթացի սկզբնավորման առաջընթացին` առանց արտաքին միջամտության:
Իրանական կողմը պնդում է` պետք է դադարեցնել օգնել ընդդիմությանը զենքով և ֆինանսապես:











































