Եգիպտոսի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները համաձայնության են եկել շարունակելու համատեղ խորհրդակցությունները Սիրիայի ճգնաժամը լուծելու ուղիներ փնտրելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմադ Ամրը՝ Կահիրեում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո:
Ամրից բացի՝ խորհրդակցությանը մասնակցել են Թուրքիայի և Իրանի ատգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ալի Աքբար Սալեհին:
Հանդիպումը տեղի է ունեցել «իսլամական քառյակ» կոնտակտային խմբի շրջանակներում, որը ստեղծվել էր Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի նախաձեռնությամբ: Կահիրեի հանդիպմանը, սակայն, չի ներկայացել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը:
Եգիպտոսի նախարարաը հայտնել է, որ «քառյակի» առաջիկա հանդիպումը, արդեն լրիվ կազմով, տեղի կունենա սեպտեմբերի վերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանի օրերին:
«Առայժմ վաղ է խոսել սիրիական ճգնաժամից դուրս գալու որոշակի ծրագրի մասին, որ կարող են առաջարկել իսլամական պետությունները»,- հանդիպման ավարտից հետո ասել է Ամրը լրագրողներին:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին իր հերթին նշել է, որ «իրական չէ ակնկալել ներսիրիական ճգնաժամի լուծման վայրկենական որոշում»: Նրա խոսքերով՝ այդ հարցի լուծումը «պահանջում է լրացուցիչ կարծիքների փոխանակում և խորհրդակցություններ»: Նա նշել է, որ Կահիրեի հանդիպմանը մասնակցող երկրներն «ավելի շատ փոխըմբռնման կետեր ունեն, քան տարաձայնություններ»: Ուստի նա հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի «ընդունելի որոշում» կայացնել Սիրիայի հարցում:
Երեք նախարարների հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին և ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:











































