Անցած օգոստոսն ամենաարյունալի ամիսն է եղել Սիրիայի զինված հակամարտության սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցով խաղաղ գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ռոբերտ Սերրին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Օգոստոսին ամենաշատ զոհերն են գրանցվել հակամարտության սկզբից ի վեր»,- հաստատել է նա: «Ռազմական գործողությունների մասշտաբները մեծացել են` ընդգրկելով բոլոր խոշորագույն քաղաքները»,- նշել է նա:
Պաշտոնական Դամասկոսը զոհերի թիվը զգալիորեն քիչ է գնահատում` 7-8 000 մարդ, այն դեպքում, երբ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ զոհվել է 25 000 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 2,5 մլն մարդ արաբական երկրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների և բժշկական օգնության հույժ կարիք ունի: Ավելի քան 250 000 սիրիացիներ բռնությունից թաքնվել են հարևան 4 երկրներում` Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում: Ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Ռոբերտ Սերրին` միայն օգոստոս ամսին փախստականների թիվն ավելացել է 100 000-ով:










































