ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ` ՀԱԿ պատգամավորները գերագնահատում են իրենց աշխատանքը Ազգային ժողովում: «Համենայնդեպս, որևէ վատ բան չէի ուզենա ասել նրանց ելույթների որակի մասին, բայց շատ ճիշտ չէ, որ դրա պատճաոով Ազգային ժողովի աշխատանքները դարձել են արդյունավետ: Ինքնագոհությունը երբեք լավ բան չի եղել, եթե իրենցից գոհ են` ինչ ասեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Բադեյանը` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն պնդումներին, թե իրենց լավ ելույթները Ազգային ժողովում որակ են փոխել, ու պառլամենտում բոլոր իշխանավորները դարձել են զգույշ, չեն քնում, խաշի քիչ են գնում, քյաբաբ ուտելու քիչ են գնում, գալիս են պարտադիր նստում էնտեղ»:
Պարոն Բադեյանի խոսքերով` ԱԺ-ում որակի փոփոխություն է եղել` կապված քաղաքական ուժերի վերադասավորման հետ, իսկ խաշի ու քյաբաբ ուտելու գնացողները էլի կշարունակեն գնալ. «Եթե տենց մարդիկ կան Ազգային ժողովում, իսկ երևի թե կլինեն, հաստատ իրենց չի հետաքրքրի, թե Արամ Մանուկյանն ինչ խելոք կամ ոչ այդքան խելոք բաներ է ասում»:
«Առավոտ»-ի հարցին, թե պարոն Բադեյանը խաշ ուտողների՞, թե՞ Աժ-ում մնացողների մեջ է, պարոն Բադեյանը պատասխանեց. «Դուք պիտի դատեք, ես հո ինձ չե՞մ բնութագրի»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմանը, թե իշխանություններն անգամ 7 պատգամավորի քննադատությունից վախենում են» (նկատի ուներ ՀԱԿ պատգամավորներին), պարոն Բադեյանն ասաց. «Իրենց քննադատությունը համարում եմ օգտակար, բայց որևէ վախի մասին խոսք լինել չի կարող, ինչի՞ց ենք վախենում»:










































