Կահույքի վաճառք իրականացնող աշխարհում խոշորագույն IKEA ցանցի հիմնադիր Ինգվար Կամպրադը ընկերության ղեկը հանձնել է իր երեք որդիներին: Այս մասին հաղորդում է Expressen շվեդական հրատարակությունը՝ հղում անելով IKEA-ի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Կամպրադ-ավագն այլևս չի մասնակցի ընկերության ղեկավարմանը, նա փորձում է նաև խորհուրդներ չտալ և մենեջմենթի հարցերի շուրջ իր տեսակետը չհայտնել որդիներին: Որպես պաշտոնաթողության պատճառ նշվում է նրա պատկառելի տարիքը. ձեռնարկատերը 86 տարեկան է:
Նրա որդիներն են Փիթերը, Յունասը և Մատիասը: 48-ամյա Փիթերը, որին մամուլն անվանում է «ընտանիքի գլխավոր տնտեսագետ», կվերահսկի IKEA-ի բազմապրոֆիլային Ikano ընկերությունը, որը ղեկավարում է առևտրի ցանցի մանրածախ առևտուրը, անշարժ գույքի, ֆինանսների, ապահովագրության և այլ ակտիվները: Յունասը, որը շուտով կդառնա 46 տարեկան և մամուլի կողմից անվանվում է «կահույքի գեղարվեստական դիզայներ», կղեկավարի Ingka Holding-ը: 43-ամյա կրտսեր որդին՝ Մատիասը, որը մամուլում հիշատակվում է որպես «նոր գաղափարներ ստեղծող», կաշխատի IKEA բրենդի խթանման ուղղությամբ:
Նշենք, որ նրանց հայրը IKEA-ն հիմնադրել է 1943 թվականին: Ներկայում ցանցը միավորում է 41 երկրի 300 խանութ: Հունիսին շվեյցարական Bilan ամսագիրը IKEA-ի հիմնադրի կարողությունը գնահատել է 37,5 մլրդ դոլար՝ նրան անվանելով Եվրոպայի ամենահարուստ մարդ:









































