Նախկինում իրականացված հարցումների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն իր վարկանիշով 2-րդ տեղում է եղել՝ Սերժ Սարգսյանից հետո: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է:
Ահարոն Ադիբեկյանը չբացառեց, որ նման հայտարարությունից առաջ հարցում է իրականացվել, պարզապես այդ մասին չի ասվում: Նա ասաց, որ իրեն հետաքրքիր է՝ ո՞վ է այդ հարցումն իրականացրել, որովհետև հարցում իրականացնող 6-7 ընկերությունների մեջ «Սոցիոմետր»-ն է 100%-անոց հանրային կարծիքը ներկայացնում:
Հարցին, թե ո՞ր որակներն են գործչի նկատմամբ դրական կարծիք ձևավորում՝ նա պատասխանեց, որ կարծիք ներկայացնելիս, հաշվի է առնվում, թե ընտրողների ո՞ր մասն է նրա ետևից գնում՝ կրթվա՞ծ, թե՞ անկիրթ, հարո՞ւստ, թե՞ աղքատ, շրջաններո՞ւմ ապրող, թե՞ քաղաքում, ի՞նչ ակնկալիքներ են կապում նրա հետ: Մասնավորապես, խոսելով Գագիկ Ծառուկյանի հանդեպ ձևավորված կարծիքից՝ ասաց, որ նա խոսում է հասարակ մարդկանց գիտակցության և հոգեվիճակին մոտ թեմաներից, որոնք են գործազրկությունը, աշխատատեղերը, աշխատավարձերը:
«Եթե նկատել եք, նա բարձր քաղաքական թեմաներից չի խոսում: Նա սովորական լեզվով կյանքի մասին է խոսում և դրանով գրավում է այն մարդկանց, որոնց համար սոցիալական խնդիրներն ավելի կարևոր են, քան արտաքին և ներքին քաղաքականությունը և նման այլ հարցեր: Մյուսները կարող է խոսեն, բայց վստահություն չներշնչեն: Նա ասում է. «Ես մեծ կարողությունների տեր եմ, սեփական քրտինքով եմ հասել դրան, դուք էլ կարող եք դա անել, ես ձեզ կօգնեմ, եթե դառնամ նախագահ»: Այս բանաձևն է, որը շատ մարդկանց բավական հրապուրում է»,- մեկնաբանեց սոցիոլոգը՝ շարունակելով, որ Տիգրան Կարապետյանի օրինակը ցույց տվեց, որ բարեգործությունը ոչ մի էֆեկտ չի տալիս:
Ըստ Ա. Ադիբեկյանի, մարդիկ կարող է՝ հեռուստացույցը ստանան, գումարը ստանան, բայց քվեարկեն այլ կուսակցության կամ մարդու օգտին, ուստի բուն բարեգործությունը ձայներ չի բերում, դա բերում է կերպարի ձևավորում:
Եզրափակելով իր խոսքը՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարն ասաց, որ հաջորդ շաբաթվա վերջին կներկայացնի իր ղեկավարած կենտրոնի իրականացրած հարցումների արդյունքները և կկարողանա ասել, թե այսօր ինչ վարկանիշ ունի Գագիկ Ծառուկյանը:









































