Կուսակցությունների համագործակցության մասին բարձրաձայնելն ու անընդհատ գրելը ոչինչ չեն փոխում մարդկանց կյանքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը:
«Դա խաբեության սեանս է: Ինչո՞ւմն է խաբեությունը. մենք ցույց ենք տալիս, որ եթե միավորվեն ԲՀԿ-ՀԿԿ-ն, եթե նրանց դեմ դուրս գա ՄԿԿ-ն, էդ բոլորը եթե լինի, ինչ-որ բան մարդկանց համար կփոխվի: Առավոտից իրիկուն գրում եք դրա մասին, ու մարդիկ կարծում են` եթե ՄԿԿ-ն լինի ԲԿԿ-ի տեղը, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի: Բայց ոչինչ չի փոխվելու. հերիք է սուտ խոսենք»,- ասաց Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ եթե փողի իշխանությունը մնա, երկիրը կվերանա:
Մանուչարյանը համոզված է՝ առայժմ մեր քաղաքական ընտրանին որևէ ելքի միտում չի դրսևորում. «Եթե այնտեղ նստած լինեին նարկոմաններ, նրանք ավելի պակաս վտանգավոր կլինեին, որովհետև թմրադեղեր օգտագործողները շատ ավելի փոքր վնաս են հասցնում մարդկությանը, Հայաստանին, քան նրանք, ովքեր տարված են փող սարքելով»:
Աշոտ Մանուչարյանն անդրադառնալով նախագահական ընտրություններին` ասաց, որ հայաստանյան այս իրավիճակում անիմաստ է խոսել ընտրությունների մասին, քանի որ դրանք հարց չեն լուծում:









































