Գերմանական ընդդիմությունը քննադատել է երկրի ՆԳՆ-ի որոշումը՝ Բեռլինում արգելել Մուհամմեդ մարգարեի մասին պատմող «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի բաց ցուցադրությունները,- գրում է Rosbalt-ը:
Սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ նմանօրինակ արգելքները խախտում են քաղաքացիների իրավունքները: «Կանաչների» խմբակցության գործադիր քարտուղար Ֆոլկեր Բեքը ևս ֆիլմն արգելելու հիմքեր չի տեսնում: «Դրա պարունակությունը քրեորեն պատժելի չէ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ՆԳ նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը նախօրեին հայտարարել էր, որ ֆիլմի ցուցադրությունն արգելելու ուղղությամբ կդիմի որոշիչ քայլերի: Ֆիլմի ցուցադրությունն արգելելու նրա առաջարկը հավանության էր արժանացրել նաև ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն: «Համոզված եմ, որ այլ կրոնների նվաստացումը ոչ միայն քրեական հանցագործություն է, այլ նաև վտանգում է հասարակական կարգը»,- ասել է նա:











































