Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ 12 երկրներ ներկայացնող ավելի քան 70 վրացի վտարանդիներ Թուրքիայից բերել են իրենց հայրենիքում արգելված արբանյակային ալեհավաքներ: Նրանք հայտարարել են, որ դա խորհրդանշական այց է.
«Մենք հավաքվել ենք Թուրքիայում և գնել ենք մեկական ալեհավաք: Այժմ մենք դրանք կհանձնենք մեր ընտանիքներին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար»: Թուրք-վրացական սահմանին նրանց դիմավորել են ծափահարություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում կալանել և հավաքել էին «9-րդ ալիք» և «Մաեստրո» անկախ հեռուստաընկերությունների տասնյակ հազարավոր ալեհավաքներ, որոնց տարածումն իշխանությունների կողմից որակվել էր որպես ընտրողներին գնելու փորձ:
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կա 3,613,747 ընտրող: Վրացական ընդդիմությունը, սակայն, հայտարարում է, որ նրանց մեկ քառորդը վտարանդիներ են, սակայն նրանցից միայն մոտ 40,000-ը կարող են մասնակցել քվեարկությանը արտասահմանում բացված ընտրատեղամասերում: Այդպիսի ընտրատեղամասեր «տեխնիկական պատճառներով» չեն բացվել Ռուսաստանում, ուր առկա է վրացական հոծ բնակչություն:








































