Սերժ Սարգսյանի՝ շաբաթ օրը կառավարությունում անցկացրած հանդիպումը շոու էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ, իր տպավորությամբ, ամեն ինչ մեր երկրում արվում է PR-ի համար:
«Դա լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր, որովհետև հենց սցենարի մեջ սխալ կար»,- ասաց նա: Ըստ Արամ Կարապետյանի՝ այն, որ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Վազգեն Խաչիկյանի դեպքը, արդեն մեծ սխալ էր, քանի որ հայտնի է՝ Վազգեն Խաչիկյանի հարցին այդպես էլ լուծում չի տրվել: Սա, ըստ Արամ Կարապետյանի, կարող է մեծացնել անպատժելիության մթնոլորտը: «Պետք է ավելի լավ օրինակ գտներ, որ մեկը պատժվել է»,- նշեց նա:
Արամ Կարապետյանը նաև կանխատեսում է, որ այս ամենից հետո «ատկատների» թվերը կաճեն: «Իրար կասեն՝ ախպեր, գիտես գողանալը ինչպես է դժվարացել, երեկ «տելեվիզորով» չտեսա՞ք: Դրա պատճառով «ատկատների» թվերը կաճեն»,- կանխատեսեց բանախոսը:
Նա նշեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանի ասածները տրամաբանական էին, սակայն ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ ասածները՝ ոչ:
«Ի՞նչ է նշանակում՝ Գորիկ Գուրգենիչ, եկեք, ես ձեզ բան ունեմ ասելու: Բան ունես ասելու՝ ասվում է առանց որևէ մեկի իմացության կաբինետում: Դրա համար այդ մոտեցումը՝ ախպերությունը, Սերժ Սարգսյանի գործելաձևից է գալիս: Սերժ Սարգսյանը քաղաքականությունը տանում է այս բանաձևով՝ ինչքան շատ մարդու հետ հաց կիսես, այնքան հեշտ կիրագործես քո պլանները, այնքան երկար կմնաս նախագահ»,- նշեց նա:
Արամ Կարապետյանը միաժամանակ կանխատեսում է, որ դատելով արտաքին և ներքին մարտահրավերների համադրումից՝ Սերժ Սարգսյանն արդեն մտորում է ընտրություններից առաջ կառավարությունում փոփոխություններ անելու մասին:
լուսանկարները` PanARMENIAN Photo-ի








































