Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կլինի Ֆրանսիայում: Երեքշաբթի օրը արդեն կմեկնարկեն նրա պաշտոնական հանդիպումները Ֆրանսիայում: Հենց այդ գիշեր՝ ժամը 06.00-ին, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի հուժկու ակցիա կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը՝ ներկայացնելով կազմակերպվելիք ակցիայի նպատակը:
Ըստ Մ. Փափազյանի՝ նպատակն է հակաալիևյան ցույց կազմակերպելը, ցույց տալը, որ ֆրանսահայերը դեմ են իր այցին Ֆրանսիա, նպատակն է Ֆրանսիայում, հասարակության, քաղաքական գործիչների, մամուլի շրջանում Ալիևի ռեժիմը սևացնելը: Ֆրանսահայի խոսքով՝ ակցիայի ժամանակ շեշտադրվելու է մի քանի հարց՝ Ղարաբաղի հարց, Սաֆարովի էքստրադիցիա: «Որպես առաջին հարց և բողոք կլինի Սաֆարովի էքստրադիցիան, որը բավական վատ արձագանքներ է ստացել ֆրանսիական հասարակության շրջանում: ԱԳՆ-ն տարածեց մի հայտարարություն, որը ֆրանսահայերի համար շատ կարևոր էր: Ես վստահ չեմ, բայց հավանական է, որ նախագահ Օլանդը չի ընդունի Ալիևին, իսկ ընդունելու դեպքում, կարծում ենք, որ խոսք կունենա ասելու Ալիևին Սաֆարովի հարցի վերաբերյալ»,- պարզաբանեց Մուրադ Փափազյանը՝ շարունակելով, որ իրենք ևս կփորձեն Օլանդին համոզել, որ Ալիևին ընդունելու դեպքում սեղանին դրվի Սաֆարովի և Ղարաբաղի հարցը:








































