Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքները հասել են նաև Դանիա: Երեկ իսլամիստական «Հազբ ուտ-թահրիր» կազմակերպությունը ցույց է կազմակերպել Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան առջև, որի մասնակիցները բողոքել են «մարգարեին անպատվելու» դեմ:
Բանախոսները ելույթ են ունեցել դանիերեն, անգլերեն և արաբերեն: Ցույցին, տեղական հեռուստատեսության հաղորդմամբ, մասնակցել է հազար մարդ, որոնք կրկնել են «Ալլահը մեծ է»: «Հազբ ուտ-թահրիր»-ի ներկայացուցիչ Շադի Ֆրեյգեխը հայտնել է, որ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը «վերջին սադրանքն էր այն պատերազմի ընթացքում, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը վարում են իսլամի դեմ արդեն մի քանի տասնամյակ»:
Ցույցի ժամանակ մի քանի միջադեպ է տեղի ունեցել, ոստիկանությունը ձերբակալել է դրանց մասնակիցներին:
Էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար, սոցիալ-լիբերալների ղեկավար Մարգրետե Վեստագերը, ելույթ ունենալով կուսակցության կոնֆերանսում, քննադատել է անկարգությունները, որոնք տեղի են ունեցել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ: «Ամեն մարդ իրավունք ունի ասելու այն, ինչ ցանկանում է, և կարևոր չէ, թե այդ մասին ինչ են մտածում ուրիշները: Պետք է պաշտպանել խոսքի ազատությունը»: Նա միաժամանակ նշել է, որ բոլոր կրոնների ներկայացուցիչները պետք է միավորվեն ծայրահեղական խելահեղության դեմ:











































