Գերմանիայում հրատարակվող Русская Германия պարբերականը գրում է.
Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում անցկացված Դեմոկրատական կուսակցության համագումարը կարող էր դառնալ սովորական իրադարձություն, եթե չլիներ առաջին տիկին Միշել Օբամայի ելույթը, որը բոլորին զարմացրեց իր հռետորական ունակություններով: Լուսաբանողները միակարծիք են, որ վերջին տասնամյակում այն ամենավառ ու բովանդակալից նախընտրական ելույթն էր, որը վկայում է ներկայիս նախագահի կնոջ քաղաքական նկրտումների մասին:
Ելույթ ունենալով հանրագումարում` նա կոչ արեց փոխել հասարակության մեջ հաջողության հասկացությունը և կրկին գնահատել «աննկատ» մնացած մարդկանց դերը:
«Ինչպես շատ ամերիկյան ընտանիքներ, մեր ընտանիքները երբեք շատ բան չեն պահանջել: Նրանք չեն նախանձել ինչ-որ մեկի հաջողությանը, ընդհակառակը` հիացել են դրանով: Նրանք ուղղակի հավատացել են, որ ամերիկյան երազանքի էությունն այն է, որ նույնիսկ սկսելով քչից, բայց աշխատելով շատ` կարելի է արժանապատիվ կյանք ունենալ և շատ ավելի լավ կյանք երեխաների ու թոռների համար: Այս ոգով են նրանք մեզ դաստիարակել: Նրանք մեզ համար օրինակ են եղել: Նրանք մեզ սովորեցրել են լինել շնորհակալ և համեստ: Մենք պետք է սովորենք գնահատել յուրաքանչյուր մարդու ներդրումը և բոլորին հարգանքով վերաբերվել»:
Կնոջ ելույթը ոչ միայն Բարաք Օբամային, այլև շատ մարդկանց ամբողջ աշխարհում ստիպեց լաց լինել: «Ես լսում էի Միշել Օբամային և լաց լինում: Այ, նա իսկական առաջին տիկին է»,- գրել է իր միկրոբլոգում գերմանացի թենիսիստ Բորիս Բեկկերը:
Փորձագետների մի մասը կարծում է, որ Միշել Օբաման կարող է գնալ Հիլարի Քլինթոնի ճանապարհով, որն իր ամուսնու նախագահության ժամկետը լրանալուց հետո սկսեց իր ինքնուրույն քաղաքական կարիերան: «Հիլարի Քլինթոնն անցավ այդ դժվար ճանապարհը` ակտիվ մասնակցելով իր ամուսնու հասարակական նախաձեռնություններին,- գրում է Մարիո Ալմոնտեն՝ The Huffington Post հրատարակչության լուսաբանողը:- Եվ հիմա, ճակատագրի հեգնանքով, կինը, ում նա պետք է փոխանցի Օվալաձև աշխատասենյակը գրավելու էստաֆետը, կարող է լինել հենց Միշել Օբաման` 2008 թվականի նախընտրական քարոզարշավում նրա նախկին և ամենավառ հակառակորդը»:






































