Շաբաթ օրը Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգում հրաձգության հետևանքով բրիտանացի երկու զինվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
ՆԱՏՕ-ի ուժերի բլոկպոստի վրա հարձակումն իրականացրել է աֆղանական ոստիկանության համազգեստով տղամարդը: Պատասխան կրակից նա սպանվել է:
2012-ի սկզբից Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են ՆԱՏՕ-ի 47 զինծառայողի, որոնց մեծ մասը` ամերիկացիներ: Սեպտեմբերի 15-ին սպանված երկու բրիտանացի զինծառայողները ներառյալ` 2001-ից Մեծ Բրիտանիան Աֆղանստանում կորցրել է 430 զինվոր:
Աֆղանստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ հեռացրել կամ ձերբակալել են մի քանի հարյուր զինծառայողի` զինված ավազակային խմբավորումների գործունեությանը մասնակից լինելու կասկածանքով: ՆԱՏՕ-ի գնահատականով` միջազգային ուժերի վրա հարձակումների 75 տոկոսը տեղի է ունենում թյուրիմացության և մշակութային տարբերությունների պատճառով:
Գործակալությունը նշում է, որ Աֆղանստանում դեռևս տեղակայված է 9500 զինվորական: Նրանք պետք է երկիրը լքեն մինչև 2014թ. ավարտը:











































