Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող ենք չսպասել Իրանի վրա միակողմանի հարձակման: Նման հայտարարություններով հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի օգնական Ամոս Հիլադը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
«Ես խորհուրդ եմ տալիս չբացահայտել մեր մտադրությունները, սակայն մոտ ապագայում` տոների ժամանակ, ամեն ինչ խաղաղ կլինի, եթե, իհարկե, ինչ-որ մանիակ կամ չարագործ ամբողջ աշխարհում խնդիրներ չառաջացնի»,- ասել է Ա. Հիլադը:
Նա նաև հերքել է Վաշինգտոնի հետ լուրջ տարաձայնությունների գոյությունը: Հիլադի խոսքերով` Իրանի վերաբերյալ Իսրայելն ու ԱՄՆ-ը ընդհանրություններ ունեն: Հենց ամերիկա-իսրայելական համագործակցությունն է խոչընդոտում Թեհրանի միջուկային զենքի ստեղծմանը:
«Իմ կարծիքով` քանի դեռ մենք միասնական ենք, դա հասկանում են նույնիսկ իրանցիները, որոնք չեն անցնում սահմանը և միջուկային զենք չեն մշակում: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նրանք որոշել են մեզ ներել, և մենք իրենց դուր ենք գալիս, այլ որովհետև իրենք վախենում են ռազմական պատասխանից կամ այլ արձագանքից»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարի օգնականը:









































