Երեկ Պարսից ծոցի ևս մեկ երկրում` Արաբական թերակղզու արևելքում գտնվող Օմանում, տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության` բախումները տեղի են ունեցել Սոհար և Սալահ քաղաքներում: Զոհվել է երկու մարդ, ևս 8-ը վիրավորվել են: Ցուցարարները պահանջել են երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ:
Տեղեկացնենք, որ Օմանը Արաբական թերակղզու ամենաթույլ զարգացած երկրներից է՝ Եմենից հետո: Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Այս ցույցերը ընթանում են նույնիսկ կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին, որ իրականցրել էր Օմանի սուլթան Քաբուս բեն Սայիդը:
Տեղեկացնենք նաև, որ Օմանի սուլթանը գահին է արդեն 40 տարի: Նա նաև երկրի վարչապետն է, արտաքին գործերի, ֆինանսների և պաշտպանության նախարարը: