«168 ժամ»-ի թղթակցի դիտարկմանը, թե` սպորտն ու քաղաքականությունը կապված են միմյանց հետ, շախմատի միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը պատասխանել է. «Կա քաղաքականության ճնշումը, այո: Եվ հենց ադրբեջանական թիմի օրինակով կարող եմ ասել, որ հենց այդ ուղղակի կամ անուղղակի ճնշումն էր պատճառը, որ նրանք ուզում էին ցույց տալ, թե հայրենասեր են, ռիսկով են: Մեր դեպքում, պատկերացրեք, ոչ մի ճնշում չի եղել: Թեև մեր շախմատիստները Հայաստանի ղեկավարության հետ մոտ հարաբերություններ ունեն, սակայն մեզ վրա քաղաքական կամ հոգեբանական ոչ մի ճնշում չկա, մենք լրիվ ազատ ենք` մեր գործով լիարժեք զբաղվելու»:
Իսկ մեր թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Պետրոսյանն էլ լրագրողի դիտարկմանը, թե` այս անգամ էլ անչափ ուրախանալով մեր թիմի հաղթանակից` ամեն դեպքում ֆիքսեցինք` հաղթանակը տեղի է ունեցել Թուրքիայում, հաղթական պարտիան խաղացել ենք Հունգարիայի թիմի հետ, պատասխանել է. «Այս անգամ քաղաքական մի շարք իրադարձություններ, այո, համընկան, դա է պատճառը, որ հունգարացիների հետ խաղը ևս բարոյական հարթություն տեղափոխվեց: Սակայն հնարավոր չէ ժխտել, որ Ստամբուլում հաղթելը, երբ հնչում է քո երկրի հիմնը, բարձրանում է քո երկրի դրոշը, իրոք շեշտելու անհրաժեշտություն ունեին: Քաղաքականությունն ինչ-որ տեղ ազդում է` չէինք կարող չնկատել, որ խաղում էինք Թուրքիայում, սակայն տղաները փորձառու շախմատիստներ են, և առաջին պլանում խաղն էր:
Քաղաքականությունը`քաղաքականություն, սակայն մենք առաջին հերթին խաղում ենք շախմատ և աշխատում ենք մեր գործում հասնել մեր նպատակին: Շատ է լարվածությունը, մեկ շախմատային խաղը միջինը 40-45քայլ է, և յուրաքանչյուր քայլը լուրջ որոշում է: Պատկերացրեք` մի քանի ժամվա ընթացքում պետք է ճշգրիտ որոշումներ ընդունեք: Դա շատ բարդ է: Պատասխանատվությունը շատ մեծ է»:







































