Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Քադաֆիի և նրա մերձավորների դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Պատժամիջոցներով Քադաֆին, նրա ընտանիքի անդամները և բոլոր այն պաշտոնայները, որոնք շարունակում են բռնություններ կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ, զրկվել են երկիրը լքելու իրավունքից: Այս ցուցակում են 22 մարդ` Քադաֆին, նրա որդիները և դուստրը, հորեղբորորդին և փեսան, Քադաֆիի մամուլի խոսնակը, անձնական թիկնազորի ղեկավարը, ուժային կառույցների ղեկավարները:
Բացի այս երկիրը լքելու արգելքից, ցուցակում տեղ գտած անձինք զրկվում են իրենց հաշիվների և անշարժ գույքի տնօրինումից արտասահմանում: Բանաձևով Միջազգային քրեական դատարանին հանձնարարվում է քննել խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունները, քանի որ բազմաթիվ մարդկանց զոհվելու փաստը կարող է գնահատվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մեծ Բրիտանիան իր հերթին Քադաֆիին և նրա ընտանիքին զրկել է դիվանագիտական անձեռնմխելիությունից և ավելի քան 5 միլիարդ դոլարի ակտիվներից: Այս մասին հաղորդում է Sky News-ը: Ինչպես գրում է Times-ը, վերջերս Քադաֆին մոտ 5 միլիարդ դոլարի ներդրում է կատարել այս երկրում գործող հայտնի ընկերություններից մեկում: