Հասարակական-քաղաքական մտքի քննարկումների ուշադրության շրջանակում ավելի ու ավելի կենտրոնական դիրքեր է գրավում ԲՀԿ նախագահական թեկնածուի հարցը: Վարդան Օսկանյանը նախօրեին հայտարարել է, որ ԲՀԿ-ն հոկտեմբերին այդ մասին հանդես կգա հայտարարությամբ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա անմիջական շրջապատը այդ առթիվ սիրում են կրկնել «հաջորդ դասի» մասին անգիր արած բառակապակցությունը: ԲՀԿ-ի դասամիջոցը փաստորեն շատ երկար է տևում: Սրա տակ շատերն են խորհրդավոր, խորին զարգացումներ տեսնում, բայց իրականում ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ ԲՀԿ-ի այդ կեցվածքը պարզապես մի դատարկություն է, որը փորձ է արվում ծածկել այդ «հաջորդ դասի» խորհրդավորությամբ:
Իրականում ԲՀԿ-ի պարագան կարծես թե պարզ է: «Բարգավաճ Հայաստան»-ն այլընտրանք չունի. կուսակցությունը կա՛ մ պետք է առաջադրի առանձին թեկնածուի, կա՛ մ հայտարարելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին` պետք է անցնի արդեն ինքնալուծարման կամ ՕԵԿ-ի նման` ՀՀԿ-ին կցվելու գործընթացին:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն իր ընդդիմադիր խաղերով շատ հեռուն է գնացել և այսօր արդեն այլ խաղերի հնարավորություն չունի, և եթե սեփական թեկնածուով չի ներկայանում նախագահական ընտրություններին, ապա այլևս բացակա է ստանում նաև քաղաքականությունից:
Այսինքն` զորեղ թվացող «Բարգավաճ Հայաստան»-ն իրականում չունի մանևրի տեղ և ստիպված է նախագահական ընտրություններում մասնակցել սեփական թեկնածուով: Եվ քանի որ ԲՀԿ-ն շատ լավ գիտակցում է, որ հաղթելու շանս, ըստ էության, չունի, ապա կարելի է ասել, որ նախագահական ընտրությանը որևէ մասնակցության պարագայում ԲՀԿ-ն միևնույն է` դուրս է գալու պարտված: Եթե մասնակցի սեփական թեկնածուով, ապա կպարտվի, իսկ հետո կկանգնի որևէ բան անելու և իր ընտրողների ձայներին տեր կանգնելու անհրաժեշտության առաջ: Բայց պարզ է նաև, որ ԲՀԿ-ն այս պարագայում չի անելու ոչ մի բան ավելի, քան արեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Իսկ սա նշանակում է, որ երկրորդ անգամ այդ բանն անելու պարագայում ԲՀԿ-ն վերջնականապես կարժեզրկի իրեն:
Դե, իսկ եթե նա սատարի Սերժ Սարգսյանին, այդ դեպքում արդեն իսկ կարժեզրկվի մինչև ընտրությունները: ԲՀԿ-ի վիճակն իրականում շահեկան է միայն թվացյալ, քանի որ, ըստ էության, կուսակցությունը կանգնած է պարզապես քաղաքական դաշտից հեռանալու վտանգի և նույնիսկ արդեն անխուսափելի հեռանկարի առաջ: Սերժ Սարգսյանին հաջողվել է ԲՀԿ-ին սիրաշահելով և խնայելով, կուսակցության հետ կոմպրոմիսների գնալով` բերել-հասցնել փակուղային, գրեթե պատային իրավիճակի առաջ: Դրանից խուսափելու միակ տարբերակը ԲՀԿ-ի արմատական ռեֆորմացիան է, որը, սակայն, այդ կուսակցության ինտելեկտուալ ուժերից վեր է:







































