«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
– Աղասի, վերջին մի քանի ամիսներին հասարակությունը կարծես լճացած վիճակից դուրս գալու փորձեր է անում, տրանսֆորմացիայի է ենթարկվում: Ի՞նչ եք կարծում, սա ինքնակործա՞ն աշխուժություն է, թե՞ ընդհակառակը:
– Չեմ կարծում, թե հասարակությունը հիմա շատ բուռն ձևով տրանսֆորմացվում է: Եթե հաշվի առնենք 20 տարվա անկախության ժամանակաշրջանը, ապա սա բնականոն և նույնիսկ որոշ առումով էլ ուշացած տրանսֆորմացիա է: Պարզապես հասարակության մեջ ի հայտ են եկել խավեր, որոնք այլ կերպ են սկսել ընկալել ու արձագանքել երևույթներին:
Կարող եմ ասել, որ կան երևույթներ, որոնք արձագանքման պահանջ են առաջացնում, կրքեր են բորբոքում, և մարդիկ դրանց արձագանքում են: Կան նաև նախաձեռնություն ցուցաբերող և կազմակերպող անհատներ կամ անհատների խմբեր, ովքեր, ըստ էության, այդ շարժումների կատալիզատորներն են. սա է հասարակության մեջ հիմնական փոխակերպումը, տրանսֆորմացիան, որը, ըստ էության, շատ նորմալ երևույթ է, և դրանում որևէ վտանգ, անկեղծ ասած, չեմ տեսնում՝ սկսած Վահե Ավետյանի սպանության հետ կապված քաղաքացիական նախաձեռնությունից վերջացրած Սաֆարովի՝ Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների խայտառակ գործարքին արձագանքներով: Բնական է, որ մարդիկ պետք է արձագանքեին, և պետք է արձագանքեին ամենատարբեր ձևերով:
Հայաստանի հասարակությունը միատարր հասարակություն չէ, կան շատ տարբեր հասարակական շերտեր ու խմբեր: Հետաքրքիրն այն է, որ այդ շերտերի ու խմբերի տարբերությունները և առանձնահատկությունները երևում էին դեռ ավելի վաղ՝ DIY ակումբի պայթյունի, Մաշտոցի պուրակի և տարբեր տեսակի էկոլոգիական շարժումների հետ կապված: Իհարկե, ընդունելի չէ, որ դիրքորոշումների կամ տեսանկյունների տարբերության պատճառով հասարակության մի խումբը ծայրահեղ անհանդուրժողություն է ցուցաբերում մյուսի հանդեպ: Էլ ավելի վտանգավոր են այն դիրքրոշումներն ու տեսանկյունները, որոնք համամարդկային արժեհամակարգի ու չափանիշների տեսանկյունից անընդունելի են և կարող են բացասաբար անդրադառնալ ու վնասել Հայաստանի՝ աշխարհում ներկայանալիությանը:
Այսինքն՝ եթե որպես հասարակություն կամ հասարակության առանձին մի խումբ բողոքում ես մի երևույթի դեմ, որը, առանց չափազանցության, կարելի է բնութագրել նացիզմ, ապա ինքդ չպետք է բողոքդ արտահայտես նույն լեզվով ու նույն մտածողության հարթությունում: Նկատի ունեմ այն, որ Հունգարիայի արարքը կարելի է բնութագրել՝ որպես պետականորեն նացիզմի պրոպագանդա: Որովհետև էթնիկության և ազգային պատկանելության հողի վրա մարդ սպանելը նացիզմի դրսևորում է: Իսկ եթե Հունգարիայի իշխանությունները, փայլուն հասկանալով, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու դեպքում նրան ազատելու են, գնում են այդ գործարքին, դա նշանակում է՝ տնտեսական շահույթ հետապնդելով՝ նացիզմի քարոզ պետական մակարդակով: Հիմա այդ նացիզմի քարոզմանը պետք է ադեկվատ արձագանքել, բայց եթե մարդիկ փորձում են նույն նացիզմի կոնտեքստում պատասխանել, կարող է աշխարհի կողմից չընկալվել և թուլացնել մեր դիրքը: Մենք պետք է հասկանանք, որ եթե մեր արձագանքները երևույթի նկատմամբ արտահայտում ենք տաքգլուխ էմոցիոնալությամբ, դա կոպեկի արժեք չունի։ Պարզապես այդ պահին մարդիկ բավարարում են իրենց էմոցիաները, բայց նման մասշտաբի երևույթներին այդ որակով արձագանքելը լավ չէ: Ավելի լավ է արձագանքները լինեն այնպիսի մտայնությամբ, տեսլականով, որ դա պետք է ազդի պրոցեսի վրա և պետք է Հայաստանին օգուտ բերի՝ անկախ նրանից՝ ինչ տիպի ուժ է դրան արձագանքում:
– Այսինքն ՝ այս շարժումներում ճիշտ ուղղորդո՞ւմ պետք է լինի:
– Սա ուղղորդման խնդիր չէ: Որևէ հասարակություն տոտալ ուղղորդելը սխալ է: Ասածս այն է, որ այսօր մեր հասարակությունը գտնվում է զարգացման այն փուլում, որում որ գտնվում է, և եթե կան այդպես էմոցիոնալ, աննպատակ և անիմաստ արձագանքներ, դա ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ կան զգալի խավեր, որոնք Հայաստանի հանդեպ ունեն անիմաստ և աննպատակ վերաբերմունք, և ունեն նույն վերաբերմունքը մեր ազգի և հասարակության հանդեպ:
Պե՞տք է արդյոք Հայաստանի բնակչությունը կայանա որպես հասարակություն և որպես ազգ: Մենք կայացման խնդիր ունենք, և պետք է խոստովանենք, որ թե՛ որպես ազգ և թե՛ որպես հասարակություն շատ առումներով դեռ կայացման փուլում ենք: Ես նկատի ունեմ բուրժուական ազգի իմաստով, այլ ոչ թե սոցիալիստական, որը փորձում էր Հայաստանում Սովետական միությունը ձևավորել, և որը որոշ առումով հաջողվել էր: Բայց ամբողջ հարցն այն է, որ մենք Սովետական միության փլուզումից հետո խնդիր ունենք նոր որակի ազգի ձևավորման, որը կարող է իր տեղն ունենալ այլ ազգերի կողքին:
Ինչո՞ւ եմ այս խնդրին կարևորություն տալիս: Որովհետև եթե մենք փորձում ենք արձագանքել այնպիսի խնդրի, ինչպիսին նացիզիմի դրսևորումն ու պրոպագանդումն է, ապա պետք է հասկանանք, թե ինչ արժեհամակարգի դիրքից ենք հանդես գալիս: Մտահոգիչ է, երբ ազգայինի տակ կարող է փորձ արվել ներկայացնելու ազգայնամոլ կեցվածքի ինչ-որ մարդկանց կարծիք, ովքեր դեռևս ազգը նույնականացնում են արյունակցական սկզբունքի վրա կազմակերպվող ցեղախմբի հետ, և այդ ցեղախմբային մենթալիտետով փորձում են ինչ-որ արձագանքներ արտահայտել, ինչն, անշուշտ, օգտակար չի կարող լինել:
– Նկատի ունեք՝ երբ, օրինակ, գիտական, մշակութային կապեր խզեցինք, ԳԱԱ-ն հայտարարություն տարածեց, սխա՞լ էր:
– Եթե մարդիկ ուզում են արձագանքել խնդրին, կան պետություն և պետական կառույցներ, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն դիվանագիտական գործունեությամբ, և պետական մակարդակի հայտարարությունները, լավ կլինի, որ միայն այդ օղակներն անեն։ Եվ դա հասկանալի է։ Բայց երբ դա անում են գիտական տարբեր հիմնարկներ, սա տխրեցնող կարող է լինել, կարող է անհասկանալի լինել, այսինքն՝ հո պատերազմ չենք հայտնել Հունգարիային, մենք շարունակում ենք համագործակցել այդ ժողովրդի հետ: Խնդիրը իշխանությունն է, և իրենց ժողովուրդը նույնպես դատապարտում է իրենց իշխանությանը: Աշխարհին պետք է ցույց տալ՝ ինչ է արել Հունգարիայի իշխանությունը:
Այն, որ Հունգարիան իր այդ արարքով ակամայից պրոպագանդում է նացիզմ, դա՛ պետք է ցույց տրվի, և՛ հունգար ժողովրդին, և՛ միջազգային հանրությանը պետք է դա ցույց տալ: Պետական մակարդակով նացիզմի պրոպագանդմանը ուղղված գործարքը Եվրոպայի սրտում՝ սա ազդեցիկ մեղադրանք է: Կարող էր, չէ՞, Ազգային ակադեմիան, կապերը խզելու փոխարեն, նման բնույթի բողոքի ուղերձ հղեր Հունգարիայի ակադեմիային՝ կոչ անելով իր բողոքի ձայնը նույնպես բարձրացնել ընդդեմ սեփական իշխանությունների արարքի: Կամ նույնը աներ Պետական համալսարանը: Սա է աշխարհի համար ազդեցիկ մոտեցումը, և այս կոնտեքստում պետք է փորձենք մեր կարծիքիներն արտահայտել:
Իհարկե, կարող է լինեն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, և թող հանգիստ այդ կարծիքն էլ արտահայտեն: Մենք կարող ենք համաձայն լինել նրանց հետ, կարող ենք չլինել՝ սա ներքին բանավեճերի խնդիր է, որովհետև այս երևույթը ունի և՛ արտաքին, և՛ ներքին վեկտոր: Այդ ներքին վեկտորը նույնպես շատ հետաքրքիր է, թե այս խնդիրը մեզանում ինչ պրոցես է առաջացնում: Մենք տեսանք, որ մարդիկ փորձում են Սաֆարովին դնել տարբեր անունների կողքին՝ սկսած ԱՍԱԼԱ-ի տղաներից, ովքեր ինչ-որ տեռորիստական ակտեր են արել, վերջացրած Նեմեց Ռուբոյով:
Այս ամենը համարում եմ արհեստական: Ինչո՞ւ: Որովհետև, ասենք, օրինակ, կոնկրետ Վահե Ավետյանի դեպքում սպայի խնդիրը չի միավորում այդ երկու սպանությունները, որովհետև կոնկրետ Վահե Ավետյանին չեն սպանել որպես սպա, այլ սպանել են որպես ռեստորան գնացած անհատ: Եթե իրեն սպանեին սպա լինելու համար, այդ դեպքերում միգուցե համեմատելիություն լիներ: Սաֆարովի դեպքում էլ ոչ այնքան Գուրգեն Մարգարյանի սպա լինելն է կարևորվել, որքան՝ հայ լինելը: Այս համեմատությունը արդեն իսկ շատ թույլ համեմատություն է, և առանցքը համոզիչ չէ: Նույն համեմատությունը ԱՍԱԼԱ-ի՝ տեռորիստական ակտեր անող տղաների հետ նույնպես կոռեկտ չէ: Որոշները փորձում են նրանց հերոսացնել, վրիժառության գաղափարախոսությունն է առաջ քաշվում: Որոշներն էլ փորձում են հավասարեցնել նրանց ու Սաֆարովին: Բայց տեռորն ու նացիստական նկրտումներով մարդասպանությունը նույնպես տարբեր երևութներ են, և համեմատություն կառուցելու համար անհրաժեշտ է լուրջ մոտենալ իրարից տարբեր երևույթներին:
Սա այն դեպքն է, որ մեր ներքին անորոշությունը անդարադառնում է արտաքին իրադարձությունների գնահատականի անորոշության վրա:
– Այս օրերին հայտնվել ենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Ճիշտ ուղղորդման դեպքում, հարցադրումները ճիշտ ներկայացնելու դեպքում կունենաք շոշափելի արդյունք։ Հնարավո՞ր կլինի կորցրած հեղինակությունը վերգտնել:
– Այստեղ այնքան Հայաստանի կորցրած հեղինակությունը բարձրացնելու խնդիրը չէ, որքան Հայաստան -Ադրբեջան փոխհարաբերությունների, Արցախի հետ կապված խնդիրներում շահեկան դիրք գրավելը։ Այս պարագայում մենք իրոք կարող ենք ոչ թե միավոր հավաքել, այլ իրականությունը մեկնաբանել համարժեքորեն և այդ համարժեք ինտերպրետացիայի արդյունքում ձևավորել միջազգային հանրության վերաբերմունքը ադբեջանցիների հանդեպ:
Ազգային թշնամանքը այսօր Ադրբեջանում պետական մակարդակով է իրականացվում, այնտեղ նացիզմի ոգով նոր սերունդ է դաստիարակվում, ինչը վտանգավոր է տարածաշրջանային կայունության և տարածաշրջանում համամարդկային արժեքների հիմքի վրա փոխհարաբերությունների կառուցման տեսանկյունից: Այնտեղ մանկապարտեզից արդեն երեխայի մեջ հայի հանդեպ թշնամանք են սերմանում, մի բան, որ մեզ մոտ չի արվում: Ադրբեջանը տոտալիտար երկիր է, որը տոտալիտար մեխանիզմով նացիզմ է արտադրում երկրի ներսում: Այդ ոգով դաստիարակված ադրբեջանցու համար մեկ է՝ դու լա՞վ ես վերաբերվում իրեն, թե՞ ոչ: Եթե դու հայ ես, գալու է՝ վիզդ կտրի: Այս երևույթը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև հակասում է քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին: Ուստի դրա դեմ ոչ միայն Հայաստանը, այլև քաղաքակիրթ աշխարհն է պարտավոր պայքարել: Իսկ Սաֆարովին սպանելու դիմաց գումար առաջարկողները տաքգլուխ հիմարություններ են անում:
Այսօր տեղի է ունեցել փաստ, որը պետք է կարողանանք այնպես մեկնաբանել, որ աշխարհը գրավենք մեր կողմը՝ օգտագործելով միջազգային դիվանագիտական և քաղաքական ռեսուրսները համարժեք զսպումներ կիրառելու համար: Սաֆարովի դեպքի հիմնական ախտորոշումը հենց այն է, որԱդրբեջանի ներսում արտադրվող նացիզմը և դրա ներքին քարոզչությունը սպրդեց Ադրբեջանի սահմաններից դուրս և ներքին կիրառումից ձեռք բերեց նաև արտաքին կիրառում: Շատ վտանգավոր և անընդունելի է, երբ դա իրականացվել է Եվրամիության անդամ երկրի ձեռքով, և աշխարհը սրան պետք է արձագանքի շատ խիստ և սկզբունքային: Իսկ այդ արձագանքների համար կարևոր է այն, թե Հայաստանը ինչպես է մեկնաբանում այդ երևույթը:










































