Դաշնակցությունն առաջարկում է ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:
Ու թեև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց ՀՅԴ օրենսդրական նախաձեռնությանը, սակայն խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում ընկրկել: Երեքշաբթի օրը ԱԺ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է որպես հրատապ ճանաչված հարց, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի նախագիծը արտահերթ կարգով ներկայացնել խորհրդարանին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նպատակն է լինելու «գնահատել գազամատակարարման գործող համակարգի սոցիալական, տնտեսական, իրավական և բնագավառի պետական կարգավորման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 31.1 և 33.1 հոդվածների, դրանց հիման վրա ընդունված ոլորտի օրենսդրական ակտերի պահանջներին, բացի այդ, գնահատել բնագավառում ստեղծված իրավիճակի ազդեցությունը ՀՀ կայուն զարգացման հեռանկարների վրա»: Արա Նռանյանն ասում է, որ իրենք առաջարկել են՝ ժամանակավոր հանձնաժողովին մաս կազմեն ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: «Մենք համոզված ենք՝ այս խնդիրները մտահոգում են նաև քաղաքական մեծամասնության պատգամավորներին, որոնք, սակայն, ելնելով քաղաքական դրդապատճառներից, խուսափում են պրոբլեմների բացահայտումից»,- ասաց Նռանյանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ առաջարկին կոալիցիոն մեծամասնության արձագանքին, թե նման հանձնաժողովի ստեղծումն անիմաստ է, Նռանյանը հակադարձեց, թե պետք է մի հիմնավորում բերեին՝ մերժելու համար, և միակ փաստարկը, որ կարողացել են գտնել՝ «անիմաստ» արտահայտությունն էր: Փոխարենը` ՀՅԴ խմբակցության նախաձեռնությանը միացել է «Ժառանգությունը»: «Ցանկացած դեպքում, եթե իմ գործընկերներից մի խումբ տեսնում է, որ խնդիր կա, և այդ խնդիրը կարիք ունի խորհրդարանական աշխատանքի, ապա ես միշտ կողմ եմ ցանկացած խնդիր քննարկել»,- մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որն էլ ներկա էր երեկվա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Դաշնակցության այս առաջարկը, թերևս, ուշագրավ է մեկ այլ առումով: Ժամանակին, երբ բարձրացվեց գազի սակագինը, Հայ ազգային կոնգրեսը կոլեկտիվ հայցադիմում ներկայացրեց դատարան: Ընդ որում՝ Կոնգրեսի ներկայացրած հայցը կարելի է համարել ամենամեծ կոլեկտիվ հայցը Հայաստանի պատմության մեջ, քանի որ դրա տակ ստորագրել էին ավելի քան 7000 քաղաքացիներ: Սակայն այն ժամանակ ընդդիմադիր ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել Կոնգրեսի նախաձեռնությանը, ավելին՝ նույն այդ ընթացքում նույն այդ թեմայով իրենք այլ նախաձեռնությամբ հանդես եկան՝ հարցապնդում ներկայացրին խորհրդարանում: Այսինքն` թեև այդ թեման հուզում էր նաև ՀՅԴ-ին, սակայն դաշնակցական ընկերները գերադասեցին գործել առանձին՝ հավանաբար մյուսներից ավելի խելոք, այդ հարցում ավելի մտահոգ երևալու համար: Այնինչ նրանք կարող էին ստորագրել Կոնգրեսի հայցադիմումի տակ, միևնույն ժամանակ՝ իրենց հարցապնդումը ներկայացնել խորհրդարանում: Արդյունքում կստացվեր այնպես, որ ե՛ւ արտախորհրդարանական, ե՛ւ խորհրդարանական ընդդիմությունը, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, ժողովրդի համար կարևորագույն նշանակության հարցերում միասնական են:
Դաշնակցական Արա Նռանյանը չի կիսում տեսակետը, թե իրենք սեպարատ են գործում: Ըստ նրա՝ ՀՅԴ խմբակցությունն օգտվում է ԱԺ կանոնակարգով իրեն վերապահված լիազորություններից, իսկ քանի որ Կոնգրեսը ներկայացված չէ ԱԺ-ում, այլ պայքարի այլ մեթոդ է ընտրել. «Ես կարծում եմ՝ գործողությունները բխում են յուրաքանչյուրի կարգավիճակից, այլ ոչ թե իրարամերժ կամ իրար հակասող են»,- նշեց նա՝ հավելելով. «Մեր բարձրացրած խնդիրն ավելի խորքային էր, քան Կոնգրեսի նախաձեռնած դատական գործը՝ սակագների նկատմամբ: Մենք ոչ թե պարզապես վիճարկում ենք սակագինը, այլ՝ գազամատակարարման ոլորտում տեսնում ենք ավելի խորքային խնդիրներ և ուզում ենք բացահայտել ոլորտի պրոբլեմները»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այս առնչությամբ կարծիք հայտնեց. «Դրա համար էլ մենք ասում ենք՝ ընդդիմության մոտ շատ հարցերի շուրջ կան ընդհանրություններ, թեկուզ հայտարարությունների, սեպարատ գործողությունների մակարդակով, ուստի ժամանակն է, որպեսզի ընդդիմությունը միասնական օրակարգ և գործողությունների համատեղ պլան մշակեր: Այդ դեպքում՝ պայքարը ավելի արդյունավետ կլիներ»:
«Ժամանակ» օրաթերթ
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի









































