Բրեդֆորդի ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ազգային թանգարանի գիտնականները թանգարանի արխիվում հայտնաբերել են աշխարհի ամենաառաջին գունավոր տեսագրությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախկինում աշխարհի ամենահին գունավոր ժապավենը՝ ստեղծված Kinemacolour պրոցեսով, թվագրվում էր 1909 թվականին, սակայն պարզվել է, որ գունավոր ֆիլմերի նկարահանման գործընթացը սկսվել և արտոնագրվել է 10 տարի շուտ՝ 1899 թվականին՝ լուսանկարիչ Էդվար Ռեյմոնդ Տերների կողմից: Արխիվային դարակներում հայտնաբերվել են XX դարի սկզբի անգլիական կյանքին վերաբերող նրա` 1902 թվականին թվագրվող «Էսքիզները»:
Յուրաքանչյուր գույն նկարահանվել է հատուկ լուսային ֆիլտրի միջոցով, համապատասխանաբար` յուրաքանչյուր դրվագ նկարահանվել է երեք ժապավենի վրա, որոնք միախառնվելով` պետք է ստեղծեին գունավոր պատկեր: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
Ցավոք սրտի, երևակման համակարգը անկատար է մնացել: Տերները մահացել է 1902 թվականին՝ չհասցնելով տեսնել նկարահանված նյութը: Սակայն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները թույլ են տվել վերականգնել կադրերը՝ ապացուցելով, որ Տերների մեթոդն աշխատել է:





































