Համաձայն օրենքի` եթե պատգամավորական մանդատը ցած է դրվել, խորհրդարան է անցնում համամասնական ցուցակի հաջորդ համարը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ այն, որ Թևան Պողոսյանը խորհրդարանում պետք է փոխարինի Րաֆֆի Հովհաննիսյանին, օրենքն է պահանջում. եթե մանդատը ցած է դրվել, ապա հաջորդ համարն է անցնում խորհրդարան:
«Եթե «Ժառանգություն»-ը այլ խնդիր չի դրել, որ Թևան Պողոսյանի կամ որևէ մեկի փոխարեն խորհրդարանում լինի Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը կամ Ստեփան Սաֆարյանը, նշանակում է` կուսակցությունը հարկ չի համարել դրան անդրադառնալ»,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը:
Անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիք հնարավոր ընտրություններին՝ Սաֆարյանը հայտնեց, որ կառաջադրվի, եթե այդ տարածքում հայտարարեն լրացուցիչ ընտրություններ, իսկ դա տեղի կունենա սեպտեմբերի 20-ից հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համապատասխան դիմում ներկայացրեց` ԱԺ իր մանդատը վայր դնելու նպատակով: Իսկ նրան խորհրդարանում կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Թևան Պողոսյանը:










































