Ռուսաստանը Սիրիային 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել, պատրաստվում է օգնության նոր խմբաքանակ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Ռուսաստանը ԱԻՆ գծով Դամասկոս է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն: Կարմիր Մահիկի սիրիական հանրությանը փոխանցվել են վրաններ, ծածկոցներ, ամանեղեն, փափուկ կահույք, մանկական սնունդ, պարենամթերք»,- ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը 2 մլն շվեյցարական ֆրանկի չափով նպատակային ներդրումներ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեում, ինչպես նաև 4.5 մլն ԱՄՆ դոլար՝ ՄԱԿ-ի համաշխարհային պարենամթաերային ծրագրում, և 1.5 մլն դոլար՝ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունում՝ Սիրիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ն մտավախություն է հայտնել, որ Սիրիայում իրավիճակը վատթարանոմ է, որի պատճառը տարբեր երկրների կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցներն են:
«Ռուսաստանը կշարունակի ինտենսիվ ջանքեր գործադրել բոլոր մակարդակներում՝ բոլոր կողմերից բռնությունը դադարեցնելու և լայնածավալ ազգային երկխոսություն սկսելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:











































