ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն այսօր Սիրիայի կառավարությանն աջակցելու պատճառով պատժամիջոցներ է սահմանել շիաների «Հըզբոլլահ» խմբավորման գլխավոր քարտուղար, շեյխ Հասան Նասրուլլայի նկատմամաբ,- փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Աջակցելով Բաշար Ասադի դաժան ռեժիմին, որն ուղղված է Սիրիայի ժողովրդի դեմ, ինչպես նաև վարչակարգին, որն անխուսափելիորեն ընկնում է՝ «Հըզբոլլահ»-ի գործողությունները խախտում են շրջանի կայունությունը և ուղղակի սպառնալիք են ներկայացնում Լիբանանի անվտանգությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով տեղակալ Դևիդ Քոենը: Գերատեսչությունում համոզված են, որ կազմակերպությունը «ահաբեկչությունը հետևողականորեն օգտագործում է քաղաքացիական օբյեկտների դեմ, որպեսզի հասնի իր նպատակներին, և վերջերս այդ միտումն ուժեղացել է»:
Նասրուլլայից բացի, «խմբավորման՝ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում ահաբեկչական գործունեությանն աջակցելու համար» պատժամիջոցներ են սահմանվել նաև «Հըզբոլլահ»-ի ղեկավարության այլ անդամների` Մուստաֆա Բադր Ալ-Դինի և Թալալյա Համիայի նկատմամբ:
Այդ մարդկանց բոլոր հաշիվներն ու ակտիվները ԱՄՆ-ի տարածքում կասառեցվեն, Ամերիկայի քաղաքացիներին արգելված է նրանց հետ գործնական կապ ունենալ:
ԱՄՆ-ը «Հըզբոլլահն» ահաբեկչական խմբավորում է ճանաչել դեռ 1990-ական թվականներին:









































