Սիրիայի կառավարությունը ողջունում է Լահդար Բրահիմիի առաքելությունը` որպես Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ, և կանի անհրաժեշտ ամեն ինչ առաքելության հաջողման համար: Այս մասին Դամասկոսում հայտարարել է ԱԳՆ նախարար Վալիս Մուալեմը, որը բանակցություններ է անցկացրել հատուկ պատվիրակի հետ: Նա խոստացել է, որ սիրիական կողմը կնվիրվի Բրահիմիի հետ լիարժեք համագործակցությանը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Մուալեմի խոսքով` Բրահիմին առաջին հերթին պետք է իր առաքելությանը հավանության արժանացրած մի շարք երկրների համոզի հրաժարվել քողարկված քաղաքականությունից և ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական և այլ օգնություն տրամադրելուց: Մուալեմի խոսքով` ցանկացած խաղաղարար նախաձեռնության հիմքում պետք է լինեն սիրիացի ժողովրդի շահերը:
Բրահիմին հեռացել է Սիրիայի ԱԳՆ-ից` առանց որևէ հայտարարություն անելու: ՍԱՆԱ գորրծակալության փոխանցմամբ` ալժիրցի դիվանագետի և Մուալեմի բանակցություները «կառուցողական և բազմակողմանի» էին:
Բրահիմիի այցը նախատեսում է հանդիպում նաև Բաշար Ասադի հետ: Դեռևս հայտնի չէ՝ նրանց հանդիպումը Մուհաջիրին պալատում այսօ՞ր տեղի կունենա, թե՞ վաղը:









































