Ավստրիացի թոշակառու Հերբերտ Պ.-ն դատական հայց է ներկայացրել գերմանական RTL հեռուստաալիքի դեմ` պահանջելով 21 հազար եվրո փոխհատուցում բարոյական վնասի՝ հասցված վիրավորանքի համար: Այս մասին հաղորդում է Express-ը:
Տղամարդը պատահաբար հայտնվել է «Աստղերի գործարան» հեռուստաշոուի եթերում, և ժյուրիի անդամները նրան հրապարակավ ծաղրել են, այնուհետև նրանց մեկնաբանությունները հայտնվել են հեռուստաեթերում: Դրանից հետո թոշակառուին սկսել են ծաղրել նրա հարազատներն ու ընկերները, ինչի հետևանքով նրա մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել:
Միջադեպը, որը դարձել է դատական գործընթացի պատճառ, տեղի է ունեցել 2010թ. նոյեմբերին: Այն ժամանակ 69-ամյա Հերբերտը արձակուրդն էր անցկացնում Մալդիվյան կղզիներում, որտեղ գերմանական RTL հեռուստաալիքը մասնավոր քասթինգ էր անցկացնում ապագա աստղերի համար: Նկարահանումների տարածքը առանձնացված է եղել, և թոշակառուն այնտեղ պատահաբար է հայտնվել:
Արդյունքում հաղորդումը պատրաստողները որոշել են այս միջադեպից կատակ սարքել: Նրա նկարը տեղադրել են ժյուրիի ետևի ֆոնում, որին ուղեկցել է տագանապահարույց երաժշտություն և ավելացրել են կադրից դուրս ձայն, որը նրան ներկայացնում է որպես «անդունդից դուրս եկած հրեշի»: Այնուհետև, ժյուրիի անդամներից մեկը` Modern Talking խմբի ներկայացուցիչ Դիտեր Բոլենը նրան համեմատել է գարեջրի շշի հետ: Դրա հետ մեկտեղ, հեռուստաալիքը բավարարվել է միայն սև գծով Հերբերտի աչքերի հատվածը փակելով, որպեսզի թաքցնի նրա ինքնությունը:
Արձակուրդից վերադառնալուց հետո թոշակառուին բոլորը սկսել են ճանաչել և նույնիսկ հարազատներն են զանգել տարբեր երկրներից: Նա արդեն հեռուստաալիքից ստացել է ինը հազար եվրո, սակայն դա քիչ է համարում և այժմ հավելյալ փոխհատուցում է պահանջում:








































