Associated Press գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնաթող գեներալները, դիվանագետները, հետախույզներն ու կառավարական չինովնիկները զեկույց են պատրաստել Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր պատերազմի հետևանքների մասին: Այդ զեկույցը հրապարակվելու է այսօր:
Իրենց զեկույցում այդ` ավելի քան 30 փորձագետները եկել են այն եզրակացության, որ Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներին հարված հասցնելն էականորեն կդանդաղեցնի միջուկային ոլորտի հետազոտությունները, սակայն ոչ մի կերպ չի կանգնեցնի դրանք:
Նրանց կարծիքով՝ Իրանի դեմ մասշտաբային օպերացիան կթուլացնի տեղական կառավարության դիրքերը, սակայն չի հանգեցնի իշխանափոխության, իսկ միջուկային զենքի ստեղծման գործընթացը ետ կշպրտվի մոտ 4 տարով: Սակայն դրա հետ մեկտեղ` իրանցիները լուրջ մոտիվացիա կստանան մարտական միջուկային լիցք ստեղծելու համար:
Զեկույցի հեղինակները զգուշացնում են նաև Իրանին հարվածելու դեպքում ողջ մուսուլմանական աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների կտրուկ աճի մասին: Բացի այդ, Իրանի զինված ուժերը թեև կկրեն էական կորուստներ, այնուամենայնիվ` կկարողանան իրականացնել մի շարք պատասխան գործողություններ, որոնց արդյունքները չափազանց դժվար է կանխատեսել:
Փորձագետների կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագրի ամբողջովին դադարեցման կամ այդ երկրում իշխանափոխության անցկացման համար կպահանջվի ցամաքային օպերացիա և նվազագույնը՝ Իրանի տարածքի մի մասի օկուպացում՝ հաշվի առնելով նրա տարածքի մեծությունը:










































