Սոցիալական ոլորտում նախորդ տարիներին թույլ տրված չարաշահումները չկրկնելու համար կառավարությունը համապատասխան աշխատանքներ է տանում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարությունում անդրադառնալով Վերահսկիչ պալատի կատարած ստուգումներին և 2011 թվականի հաշվետվությանը` ասաց, որ վերջին երկու տարիներին սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացումը ամենաշատ քննարկվող թեման է:
Ըստ նրա՝ կառավարությունն իրականացնում է այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են խնդիրների լուծմանը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կենսաթոշակների և նպաստների հետ կապված խնդիրները համակարգային լուծում պահանջող հարցեր են:
«Կենսաթոշակային ոլորտում արդեն իսկ ներդրվել է տեղեկատվական շտեմարանը, որը գրեթե 70-80 տոկոսով ավտոմատացրել է գործընթացները: Արդեն 2013 թվականից շտեմարանն ամբողջությամբ կգործի, ինչի արդյունքում կբացառվեն ոլորտի չարաշահումները»,- ասաց նախարարը: Կատարած աշխատանքի արդյունքում, ըստ Արտեմ Ասատրյանի, սոցիալական պաշտպանության ոլորտում նախորդ տարի 18 մլրդ դրամ է խնայվել:







































