Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայով համաշխարհային հանրությունը սխալ թույլ տվեց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի շուրջ:
Տիգրան Կարապետյանը ուշադրություն հրավիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության նիստի վրա:
«Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին ասաց՝մնացեք, առանձին հանձնարարություն ունեմ:Դա ցույց տվեցին եթերով: Ալիևն ինքը կսպանի Սաֆարովին և կասի՝ ՀՀ նախագահը ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նման հանձնարարություն է տվել, ուստի մեզ կասեն տեռորիստ: Ես դա անզգուշություն եմ համարում»,- մեկնաբանեց Տիգրան Կարապետյանը՝ շարունակելով, որ պետք է շատ զգույշ լինել և պետք է աշխարհում հայի տեսակն ու որակը բարձրացնենք:
Խոսելով միջազգային հանրության արձագանքներից՝ նա ասաց, որ արձագանքները համարժեք չէին: Ըստ Տ. Կարապետյանի՝ պետք է հասկանալ,լրջորեն է պետք մոտենալ ստեղծված իրավիճակին: «ԱԳ նախարարը գործիք է, մեզ մոտ քաղաքական իշխանություն է, ինքն ո՞վ է, որ իրենից մի բան անի, դրվածքը պետք է փոխվի»,- նկատեց բանախոսը:









































