«Հրապարակ»-ը զրուցել է ԼՂՀ Աժ պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:
– Պարոն Բալասանյան, նախագահական ընտրություններից հետո նաև Ձեր նախաձեռնությամբ (նախաձեռնության խմբի անդամներ են Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը` ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ Աժ պատգամավոր) ստեղծվեց «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը: Փաստորեն, Արցախում, ըստ այս նախաձեռնության հայտարարության, արմատավորվել է անօրինական մեխանիզմ, որը խոչընդոտում է Արցախի ժողովրդի կամարտահայտմանը: Քաղաքացիական շարժումն ունա՞կ է օրինական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման նախապայմաններ ստեղծել, ինչի մասին էլ հայտարարում եք: Դա իրատեսակա՞ն եք համարում` հաշվի առնելով, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեծ հաշվով Արցախում է կրկնօրինակվում: Մի փոքր մանրամասնեք, ինչպիսի՞ աշխատանքներ եք տանելու:
– Նախ ասեմ, որ քաղաքացիական շարժումը մի շարժում է, որն ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Մանավանդ, որ 1988 թ. Հայաստանում և Արցախում նման շարժում սկսվել է, որին ընդգրկվեցին թե’ հասարակական, թե’ քաղաքական, թե’ տարբեր մտածողությունների տեր մարդիկ: Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մենք հանդիպում էինք մեր ընտրողների հետ, և հատկապես ընտրություններից հետո, երբ ստացանք ընտրողների այդքան քվե (ընտրողների 32.50 տոկոս` Լ. Շ.), համոզվեցինք, որ մեր ընտրողները, ինչու ոչ` նաև մարդկանց մեծ մասը, որոնք նույնիսկ իմ օգտին չեն քվեարկել, բայց նրանք կողմնակից են, որ ԼՂՀ-ում գործի օրենքը, այն բոլորի համար լինի հավասար, և գործեն սահմանադրական բոլոր կետերը: Հենց այս նպատակով ենք ստեղծել այս շարժումը:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ, կամ ովքե՞ր են մեղավոր, որ այսօր Արցախում օրենքը չի գործում:
– Իմ կարծիքով, արցախահայությունից ամեն մեկն էլ մեղքի իր բաժինն ունի` իր չափով, քանի որ, ինչպես ասում են, ամեն մի ընտրող արժանի է իր ընտրյալին: Գուցե ժամանակին ճիշտ ընտրություններ չենք կատարել և համապատասխան քայլեր չենք նախաձեռնել, որպեսզի նրան, ում ընտրել ենք` լինի համայնքի ղեկավար, պատգամավոր, թե երկրի ղեկավար, ծառայեն ժողովրդին: Այլ հակառակն է:
…Այո, Դուք ճիշտ եք, թե’ Հայաստանում, թե’ Ղարաբաղում քաղաքական դաշտը գրեթե նույնն է, էլ չեմ խոսում, որ Արցախում ՀԿ-ներն ու քաղաքական կուսակցություններն ավելի թույլ են, քան պետք է լինեին: Անշուշտ, ինչ կատարվում է մայր հայրենիքում, նույնը կրկնվում է նաև այստեղ, բայց մենք պետք է պայքարենք:
– Ինչո՞ւ, օրինակ, քաղաքական կուսակցություն չստեղծեցիք, ի վերջո, նախագահական ընտրություններին բավականին լուրջ զանգված քվեարկեց Ձեր օգտին, փոխարենը հանդես եկաք քաղաքացիական նախաձեռնությամբ: Ղրանց գործառույթների տարբերությունը ո՞րն է:
– Այս պահին կուսակցություն ստեղծելու հրատապություն չկար, հատկապես, որ Ղարաբադում և Հայաստանում այնքան շատ կուսակցություններ կան, մանավանդ Ղարաբաղում, որոնք վերջերս միաբևեռ մտածողությամբ պաշտպանեցին գործող նախագահին, որը, համոզված եմ, սխալ է: Հետևաբար, քաղաքացիական նախաձեռնությունն ավելի ճիշտ էր, մենք թողել ենք այդ շրջանակներն ավելի լայն, բաց, որպեսզի մեր շարժմանը մասնակցեն թե’ կուսակցությունները, թե’ հասարակական կազմակերպությունները, թե’ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ: Այսինքն` մենք դաշտը թողել ենք բաց, որպեսզի բոլորի համար հեշտ լինի մեզ հետ համագործակցել: Հիմա գյուղերից, շրջկենտրոններից մեզ զանգում և, այսպես ասած, իրենց ծառայություններն են առաջարկում, մենք արդեն անդամագրում ենք մեր համակիրներին, որոնց թիվն օր օրի բավականին մեծանում է, կստեղծենք համապատասխան վարչություն, որով կկանոնակարգենք մեր աշխատանքները, կպլանավորենք վաղվա ծրագրերը և առաջ կշարժվենք:
– Բայց արցախցի ընկերներիցս մեկը պատմում էր, որ հասարակ ժողովուրդը շատ հարցերում համակերպվում է իշխանություններին` մտավախություն ունենալով, որ իրավիճակից կարող են մեր հակառակորդներն օգտվել: Բողոքավոր մասսան մե՞ծ է, որի վրա կարելի է հույս դնել:
– Ես համաձայն չեմ «բողոքավոր մասսա» ձևակերպմանը, դա այն մասսան է, որը չի ընդունում անօրինությունները: Ճիշտն ասած, անշուշտ, կան մարդիկ, որ գրեթե միշտ համակերպվում են իշխանություններին: Պարզապես Ղարաբաղում ինքնազբաղ մարդիկ են քիչ: Այսինքն` փակուղու մեջ ենք, և մարդիկ հիմնականում աշխատանք ունեն, որոնք կապված են պետական օղակների հետ, և մտավախությունն այստեղից է գալիս: Իրենց հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներին, անշուշտ, ճնշում են, նրանց վրա ազդում, և մտավախությունն այն է, որ առանց հաց չմնան: Մեծ արդյունքների հասնելու համար մենք պիտի քրտնաջան աշխատանք տանենք, արդյունքների հասնելու համար ունենք նաև իմ նախընտրական ծրագիրը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանությունները շարժվեն օրենքի սահմաններում, այլապես համապատասխան քայլերի կդիմենք: Ի վերջո, մեր նախաձեռնության կազմում կան պատգամավորներ, որոնք ԱԺ ամբիոնից կհնչեցնեն խնդիրները, ընդհուպ, եթե պետք լինի, իրավապահ մարմիններին և ԱԺ-ին կներկայացնենք, մի խոսքով` ամեն քայլ անելու ենք, որ Արցախում ամեն ինչ լինի օրինական:
– Այսինքն` շարժման նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ օրինականության հաստատո՞ւմը:
– Անշուշտ, ոչ մի իշխանափոխություն, պարզապես իշխանությունների ոչ ճիշտ աշխատանքի դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք, տրիբունաներից կհնչեցնենք և հետևողական կլինենք:
– Հիմա` նախագահական վերջին ընտրություններից հետո, ի՞նչ տրամադրություններ կան Արցախում:
– Ժողովրդի տրամադրությունը նորմալ է, բոլորը սպասում են, թե վերընտրված նախագահն ինչ նոր ծրագրեր կներկայացնի ԱԺ, կամ ինչպես կձևավորվի նոր կառավարությունը: Թեպետ ժողովուրդը մեծ հույսեր չունի և կարծում է, որ ամեն ինչ նույնը կմնա, և նույն ծրագրերով էլ առաջ կգնան, բայց որի դեպքում տնտեսական որևէ առաջխաղացում չեն ակնկալում, իսկ մենք կասկածի տակ կվերցնենք բյուջեի կատարողականը:








































