«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը հուլիսի 27-ին իրականացրել էր հեռուստասերիալներում գենդերային բռնությունների դեմ ուղղված ակցիա: Ակցիայի մասնակիցները իրականացրել էին նաև ստորագրահավաք, որին մասնակցել էր 200-ից ավելի մարդ:
ՀԿ-ի ծրագրի ղեկավար Աննա Նիկողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական հեռուստաընկերություններում ցուցադրվող գրեթե բոլոր սերիալներում ակնհայտ է կանանց նկատմամբ բռնությունը, բայց քանի որ ռեյտինգային ցուցակի համաձայն` առաջին տեղում «Դժվար ապրուստ»-ն է, դրա համար էլ որոշել են հենց այդ սերիալն ուսումնասիրել:
«Այդ սերիալում կանանց նկատմամբ բռնությունները ամենաակնհայտն են: Բայց մեր ակցիայով հայկական բոլոր հեռուստաընկերություններից պահանջում ենք նվազեցնել գենդերային հիմքով բռնությունները սերիալներում և հասցնել մինիմալի, ինչպես նաև ստեղծել կանանց դրական կերպարներ, որոնք ընդօրինակելի կլինեն մեր հասարակության, մասնավորապես` երիտասարդների համար»,- ասաց նա:
ՀԿ-ի ներկայացուցիչները այնուհետև ամփոփելով տվյալները` պաշտոնական նամակ են հղել հայկական հեռուստաընկերություններին՝ առանց բացառության, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել. «Ոչ մի հեռուստաընկերությունից պատասխան նամակ այդպես էլ չենք ստացել, ինչպես և ակնկալում էինք: Բայց մենք հետևողական ենք լինելու, արդեն մոնիթորինգ ենք իրականացնում և ցանկացած հաղորդման մեջ կնոջ իրավունքները ոտնահարելու կամ բռնություն նկատելու դեպքում արձագանքելու ենք, որպեսզի մեր երիտասարդությունը չմտածի, թե բռնությունը սովորական երևույթ է և անպատիժ պետք է մնա»:
Վերջինիս հավաստմամբ` ակցիան հաջողություն է ունեցել, և սերիալում էական փոփոխություններ են նկատվել: ««Դժվար ապրուստ»-ի մեջ ակնհայտ փոփոխություններ նկատել ենք մեր ակցիայից հետո. 2-3 շաբաթ նայել ենք սերիալը և արձանագրել դրական փոփոխություններ: Մի քանի օր հետո արդեն նվազել էին կանանց նկատմամբ բռնությունները և ավելի ջերմ վերաբերմունք էր նկատվում»,- նշեց Աննա Նիկողոսյանը:











































