Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ պետդեպարտամենտը կրկնեց տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ իր դիրքորշումը։ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը Բաքվին կոչ արեց կատարել արտահանձնման շրջանակներում Հունգարիայի ստանձնած պարտավորությունները:
Արևմտյան փորձագետներն իրենց կարծիքներն են հայտնել Սաֆարովի գործի վերաբերյալ: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիլ Մակֆարլեյնը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կտրուկ արձագանքն ունի երկու բացատրություն. «Առաջինն այն է, որ Սաֆարովին ներում շնորհելը ձախողում է խաղաղության հասնելու ջանքերը, իսկ երկրորդը՝ ԱՄՆ վարչակազմը չի կարող հաշվի չառնել հայ ընտրողների կարծիքը:
Ռազմական գործողությունների վերսկսումն իրական սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ տարածաշրջանի համար: Կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում պատերազմ, սակայն արդյունավետ բանակցային գործընթացի բացակայության դեպքում գոյություն ունի ռազմական գործողությունների պատահական վերսկսման ռիսկ»:
Բրիտանական արտաքին քաղաքականության կենտրոնի փորձագետ Ալեքս Ջեքսոնը կարծում է, որ ԵՄ-ը կարող է և ավելի ակտիվ դեր խաղալ Ղարաբաղյան բանակցային գործընթացում, սակայն քիչ լծակներ ունի. «Դրանցով օժտված է միայն Ռուսաստանը, սակայն նա էլ չի ցանկանում օգտագործել Հայաստանում իր ազդեցությունը: Արևմուտքն ավելի մեծ ազդեցություն չունի, և հազիվ թե իրավիճակը փոխվի մոտ ապագայում:
Ինչ վերաբերում է Սաֆարովի գործին, ապա Վաշինգտոնն անկեղծորեն անհանգստացած է բանակցությունների տապալման հավանականությունից: Հայաստանը, հավանաբար, ողջունում է Վաշինգտոնի հայտարարությունը, սակայն Երևանին հայտնի է, որ ԱՄՆ-ը որևէ բան փոխելու ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ ցանկություն: Այդպիսի իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ձգտի փրկել բանակցային գործընթացը»:










































