Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու՝ Հունգարիայի կառավարության քայլը լուրջ բողոքի ալիք բարձրացրեց Հայաստանի քաղաքական էլիտայի և հասարակության շրջանում: Առաջին պաշտոնական, շատերի կարծիքով՝ ադեկվատ և համարժեք արձագանքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն էր, որը հայտարարեց, որ կասեցված են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: ՀՀ առաջին պաշտոնյայի հայտարարությանը հետևեցին ՀՀ-ում տարբեր գերատեսչությունների և կառույցների համանման հայտարարությունները: Թե ինչո՞ւ երկրի առաջին դեմքի հայտարարությանը հետևեցին այլ գերատեսչությունների հայտարարությունները՝ ևս քննարկման առարկա է, բայց ամենահետաքրքիրը ՀՀ ԳԱԱ հայտարարությունն էր:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոնը Հունգարիայի Գիտությունների ակադեմիային և Հունգարիայի գիտական հանրությանն ուղղված ուղերձ տարածեց, որում մասնավորապես ասված էր, որ ելնելով Հունգարիայի արդի կառավարության կողմից ստեղծված աննախադեպ և հումանիզմի բոլոր արժեքները ոտնահարող գործողություններից՝ ստիպված ԳԱԱ-ն կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Հաշվի առնելով այն, թե ուղերձում ինչպես էր նկարագրված երկու ակադեմիաների միջև համագործակցությունը, առնվազն տարօրինակ է նման հայտարարությունը:
ՀՀ ԳԱԱ-ն ուղերձում նշելէր, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջև ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձևավորվել գիտության տարբեր բնագավառներում։ Եթե նույնիսկ այդպիսի արդյունավետ և հեռանկարային հարաբերություններ ստեղծված չլինեին, էլի հարց կառաջանար՝ ի՞նչ կապ ունի գիտությունը, գիտական համագործակցությունը քաղաքականության հետ, ի՞նչ կերպ կարելի է այս քայլը հիմնավորել: Այս մասին «Առաջին լրատվականը» զրուցեց «Արմակադ» գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանի հետ:
Նա ենթադրեց՝ ամենայն հավանականությամբ, ՀՀ կառավարությունից բոլոր պետական կառույցներին կարգադրություն կամ առաջարկ է գնացել՝ ձեռնարկել համապատասխան քայլեր, արդյունքում՝ ԳԱԱ-ն, արջի ծառայություն մատուցելով ՀՀ կառավարությանը, տարածել է այդ հայտարարությունն ու դարձել ծիծաղի առարկա, ընդ որում՝ քննադատության վեկտորը շատ հաճախ ուղղելով դեպի իշխանությունը, իբր այնտեղից է եղել հրամանը, բայց չէ՞ որ ԳԱԱ ղեկավարները, նման հրաման ստանալու դեպքում, պետք է փորձեն վիճարկել նման հրամանի արդյունավետությունն ու կարևորությունը, ինչն այս դեպքում չի արվել։
Սակայն, Խ. Գևորգյանի կարծիքով, մինչ ԳԱԱ-ի նման որոշումը՝ պետք է հաշվի առնվեր գիտական հանրության կամ առնվազն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կարծիքը, պետք է քննարկվեր՝ արդյո՞ք նպատակահարմար է, ճիշտ է նման քայլը, որովհետև, նրա համոզմամբ, ՀՀ ԳԱԱ հայտարարությունը բացարձակապես անտեղի, որևէ կերպ չարդարացվող հայտարարություն է: Ավելին, երիտասարդ գիտնականն այս հայտարարությունը խայտառակություն համարեց, ասաց, որ եթե հայտարարության տեքստը դրվեր քննարկման, ապա դրա տարածումը միանշանակորեն կկանխվեր, որովհետև, վստահաբար, ԳԱԱ-ում խելոք մարդիկ աշխատում են։
«Ինքս պաշտպանում եմ գիտնականների շահերը և ամեն կերպ դեմ եմ արտահայտվում այնպիսի նախաձեռնություններին, որոնք կարող են ակադեմիական գիտության, այդ թվում՝ ակադեմիային դեմ լինել: Սակայն նման քայլերի պարագայում ես և բազմաթիվ երիտասարդ գիտնականներ պարզապես հիասթափվում ենք ակադեմիայի ղեկավարներից: Չեմ բացառում, որ սա նրանց համար բավական վատ հետևանքներ ունենա, քանի որ երիտասարդ գիտնականների շատ մեծ բանակ չգիտի, թե ինչ է այդ ակադեմիան, ինչ կարիք կա այդ ակադեմիայում նման աշխատողներ և «ղեկավարներ» ունենալ»,- ցավով նշեց Խաչիկ Գևորգյանը:
Նա նաև ամոթալի համարեց ՀՀ ԳԱԱ պատասխանը Լևոն Չուքասզյանին, որը դատապարտել էր ԳԱԱ-ի ուղերձը: «Այդ նամակը գրողները պետք է ամաչեն այդ տեքստի համար։ Դա խայտառակ, գիտնականին ոչ հարիր, ընդհանրապես իրականության հետ ոչ մի կապ չունեցող, սովետական շնչով պարուրված, ցավալի ու հյուսիսկորեական պատասխան էր՝ ուղղված Լևոն Չուքասզյանին: Ես ինքս ամաչում եմ, որ ակադեմիայից հնարավոր է նման նամակ-պատասխան»,- մեկնաբանեց «Արմակադ» գիտական ցանցի հիմնադիրը՝ հավելելով, որ ակադեմիայից սպասում է նաև իր հասցեին նմանատիպ մի պատասխանի, որտեղ իրեն կանվանեն ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող, ջհուդամասոնական կոալիցիայի կամակատար, անգրագետ, կարիերիստ, տգետ, լրտես, դավաճան և այլն։ Խ. Գևորգյանը նշեց, որ մեծ «պատկառանքով» կցանկանար նայել նման բոցաշունչ տեքստեր գրող կամ դրանք հաստատող անձնավորության աչքերի մեջ ու նրա ներկայությամբ նրա փոխարեն ամաչել։
Խաչիկ Գևորգյանը տեղեկացրեց, որ վերջերս ԵՊՀ-ում պետք է տեղի ունենար գիտաժողով, որը կազմակերպվում է Կենտրոնական եվրոպական համալսարանի կողմից, այն ամերիկյան համալսարան է՝ տեղակայված Բուդապեշտում: Երիտասարդ գիտնականի խոսքով՝ դա գիտական միջոցառում է, մի գիտաժողով, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից, սեմինարատիպ քննարկումներ են ծավալվում, որոնց արդյունքում կազմվում են հայագիտական, վրացագիտական, ընդհանուր կովկասագիտական և տարածաշրջանային դասընթացների ծրագրեր, որոնք այնուհետև դասավանդվում են ամբողջ աշխարհի տարբեր գիտական կենտրոններում։
Երևանի պետական համալսարանը, սակայն, հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ չի մասնակցի Բուդապեշտի կենտրոնական եվրոպական համալսարանի կողմից կազմակերպվող սեմինարին, այսինքն՝ չի ընդունի այդ գիտաժողովը: Այս հայտարարությունը պարզաբանելիս՝ Խաչիկ Գևորգյանը նկատեց. «Շախմատի օլիմպիադայի վերջին փուլում ՀՀ հավաքականը խաղում էր Հունգարիայի հավաքականի հետ։ Պատկերացրեք նույն կերպ վարվեին մեր շախմատիստներն ու Հունգարիայի կառավարության ուխտադրուժ քայլին ի պատասխան՝ բոյկոտեին Հունգարիայի հավաքականի հետ խաղը։ Ո՞վ կկորցներ, և ո՞վ կշահեր։ Արդյո՞ք շախմատիստների նման որոշումը խելամիտ կթվար աշխարհում որևէ մեկին։ Բայց չէ՞ որ մեր պատասխանը եղավ հաղթանակն ու օլիմպիական մեդալը: Նույն համատեքստում պետք է դիտարկել նաև ԵՊՀ որոշումը»։
«Տարբեր երկրներում նմանատիպ սեմինարներ են եղել, այդ թվում՝ Բուդապեշտում, Թբիլիսիում և Ստամբուլում, այս դեպքում գիտաժողովը պետք է տեղի ունենար Երևանում, իսկ ԵՊՀ-ն պետք է հանդես գար որպես ընդունող կողմ, սակայն ԵՊՀ-ն գիտաժողովը սկսելուց երեք օր առաջ , նույն տրամաբանությամբ, ինչ որ ՀՀ ԳԱԱ-ն, հայտարարեց, թե չի ընդունելու այս գիտաժողովը: Սա ևս առավել քան խայտառակ քայլ էր, գիտաժողովի ներկայացուցիչները, մասնակիցները, այդ թվում՝ գիտնականներ Վրաստանից, Թուրքիայից, Անգլիայից, վերոնշյալ համալսարանից, վաստակավոր գիտնականներ, գիտաժողովն անցկացրին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում:
Ամենայն հավանականությամբ, ՀՀ գիտական համակարգի վերաբերյալ, բացի բացասական տպավորությունից, որևէ այլ բան իրենց հետ չտարան այդ միջոցառումից »,- պարզաբանեց Խաչիկ Գևորգյանը՝ շարունակելով, որ կարելի էր ավելի շրջահայաց գտնվել, ընդունել այս գիտաժողովը սեփական հարկի տակ, ծանոթանալ ընթացքին, պահպանել գիտական կապերն ու բարիդրացիական հարաբերություններն այդ հաստատության հետ, իսկ համագործակցության արդյունքում նաև հենց այդ համալսարանից ու այդ համալսարանի՝ Հայաստանում գտնվող ներկայացուցիչներից ստանալ հունգարա-ադրբեջանական դավադիր համագործակցությունը դատապարտող հայտարարություն: «Արմակադ» գիտական ցանցի հիմնադիրը նշեց, որ սա կհարամարեր հաղթանակ:
Ինչպես ՀՀ ԳԱԱ-ն իր խայտառակ ուղերձում էր նշել, Հունգարիայի և Հայաստանի միջև գիտական կեսդարյա համագործակցություն է եղել, կա համագործակցության հեռանկար, կապեր, գիտաժողովների մասնակցություն, համատեղ ծրագրերում մասնակցություն և այլն: Հաշվի չառնելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, հաշվի չառնելով նաև սեփական պարտավորությունները՝ ծառայելու բացառապես գիտության զարգացմանը և խնդիրներին՝ ինչո՞ւ ՀՀ ԳԱԱ-ն որոշեց ստանձնել քաղաքական քայլ կատարելու պարտավորություն՝ բոլորի համար է առեղծված և դեռ շատ կքննադատվի գիտական հանրության կողմից:










































