ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հաստատել են երկու երկրների ձգտումը Իրանին թույլ չտալ միջուկային զենք ստեղծել:
Ինչպես հայտնում է Սպիտակ տունը` հեռախոսային զրույցում երկու կողմերն էլ պայմանավորվել են շարունակել երկկողմանի խորհրդակցությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:
Օբաման զանգահարել է Նեթանյահուին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը զգուշացրել է, որ Իսրայելի վարչապետի առաջիկա այցի ժամանակ նրա անձնական հանդիպումը նախագահի հետ չի կայանալու:
Իսրայելական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Օբաման հրաժարվել է Նեթանյահուին ընդունել Իրանի նկատմամբ գործողությունների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:
Սպիտակ տունը հերքել է այդ ենթադրությունները, հայտարարելով, որ վարչապետ Նեթանյահուն Բարաք Օբամային հանդիպման մասին չի խնդրել և Բարաք Օբաման նրան չի մերժել: Նա հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ամերիկյան ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:











































