Ֆրանսիական դատարանը 35-ամյա մի կնոջ 1 տարվա ազատազրկման է դատապարտել Նիկոլա Սարկոզիի հասցեին բազմաթիվ սպառնալիքների համար, որոնք նա հնչեցրել էր, երբ Սարկոզին զբաղեցնում էր նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Նրան մեկ տարվա ազատազրկման են ենթարկել պետության նախագահի դեմ մահվան սպառնալիքների համար»,- ասել է դատապարվածի փաստաբան Անսա Մուբսին:
Նա նշել է, որ կինը սպառնալիքներով մի քանի նամակ է ուղարկել այս տարվա փետրվարին, հետո մարտի սկզբին և ապրիլի սկզբին: Փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալը հրաժարվել է հոգեբուժական ստուգում անցնելուց, ինչպես նաև հայտարարել է, որ ինքը ծայրահեղ աջ հայացքների է հարում:
Նոր պատժաչափը կգումարվի 1 տարվա ազատազրկմանը, որին կինը դատապարտվել էր դանակով Լիլի զբաղվածության կենտրոնի աշխատակցի վրա հարձակվելու համար:
2009 թ. կինը դարձյալ ձերբակալվել էր Սարկոզիին սպառնալիքներով նամակ և փամփուշտ ուղարկելու համար, ինչի համար դատապարտվել էր 12 ամսվա ազատազրկման (6 ամիս՝ պայմանական):











































