Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցն ուրվագծում է մեր քաղաքական դաշտը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանըայս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ այդ հարցազրույցը որոշակի մեսիջներ էր պարունակում:
«Ռուբեն Հայրապետյանը ՀՀԿ-ում և իշխանության մեջ լինելով ոչ պատահական մարդ` միանգամից սահմաններ է դնում: Այդ մեսիջները գոնե ես տեսնում եմ. մի կողմից` առաջին և երկրորդ նախագահներ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, մյուս կողմից` ՀՀԿ»,- ասաց քաղտեխնոլոգը: Նրա խոսքով՝ ստացվում է, որ առաջիկա քաղաքական զարգացումները ծավալվելու են երեք նախագահների շուրջ:
Ըստ քաղտեխնոլոգի` ընտրական գործընթացների մեկնարկն արդեն տրված է: «Այն, ինչ կատարվոմ է մամուլում և քաղաքական դաշտում, ստարտ է: Այսինքն՝ այս անգամ չեն սպասել սեպտեմբերի 21-ին: Ե՛վ Ռուբեն Հայրապետյանի, և՛ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցները, և՛ ՀԱԿ անդամների մասին լուրերը փաստում են այն մասին, որ ստարտը տրված է»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի՝ նախօրեին արած այն հայտարարությանը, թե ժողովուրդը պետք է առաջադրի ընդդիմության միասնական թեկնածուին, քաղտեխնոլոգը նշեց, որ դա կլինի «ուտոպիա»: «Ժողովուրդը ժողովուրդ է, ամեն մեկն իր գործով է զբաղված: Դրա համար կոչված են քաղաքական գործիչները, իսկ եթե քաղաքական ուժերը չեն որոշում, թե ով է իրենց միասնական թեկնածուն և գցում են ժողովրդի վրա, դա ուտոպիա է»,- ասաց Կարեն Քոչարյանը:










































