Քենիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել երկրի հարավ-արևելքի Ափամերձ մարզի Թանա գետի շրջանում՝ կապված այնտեղ ընթացող միջցեղային բախումների հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մվաի Կիբակիի հայտարարությունը:
«Կառավարությունը կարգադրել է հայտարարել և միջոցներ ձեռնարկել պարետային ժամ հաստատելու համար… Միաժամանակ հակամարտության գոտի անհապաղ ուղարկվել են անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ»,- ասվում է Քենիայի առաջնորդի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քենիայի հարավ-արևելքում միջցեղային բախումների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ: Վերջին տվյալներով՝ բռնության զոհերի թիվը հասել է 38-ի:
Թանա գետի ափին ապրող օրմա և պոկոմո ցեղերի միջև բախումները սկսվել են մեկ ամիս առաջ: Երկու ցեղերի միջև լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ օրմա ցեղին պատկանող հոտը մտել է այն արոտավայր, որը պոկոմոն համարում է իրենը: Հաղորդվում է, որ զոհերի թվում առնվազն 6 ոստիկան կա, որոնք ուղարկվել էին շրջան՝ իրավիճակը կարգավորելու համար:
Օգոստոսին նույն տարածքում նման միջցեղային բախման հետևանքով զոհվեց առնվազն 65 մարդ:











































