Իրանի միջուկային ծրագրի հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանվում է, սակայն դա հավերժ չի շարունակվի, հաստատել են Ամերիկայի իշխանությունները:
ԱՄՆ-ը և մի շարք այլ պետություններ Իրանին կասկածում են խաղաղ նպատակներով իրականացվող ծրագրի քողի ներքո միջուկային զենք պատրաստելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էներգետիկ պահանջների բավարարմանը:
«Նախագահի դիրքորոշումը հետևյալն է. նա փորձում է Իրանին թույլ չտալ միջուկային զենք ստանալ, և սա Իսրայելի հետ մեր ընդհանուր տեսակետն է, որի մասին մենք շատ անգամ ենք խոսել: Այդ պատճառով գործընկերների հետ նախագահը Իրանին ճնշելու քաղաքականություն է վարում, որպեսզի նա կատարի իր միջազգային պարտավորությունները և հրաժարվի միջուկային ծրագրից»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Նախագահը փորձում է կանխել Իրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը և այդ նպատակին հասնելու համար կօգտագործի ԱՄՆ-ի ձեռքի տակ գտնվող բոլոր միջոցները»,- ավելացրել է նա:
«Մենք կիմանայինք, եթե Իրանը կտրուկ առաջընթաց ունենար միջուկային զենքի ստեղծման հարցում, բայց առայժմ նման բան չկա: Այդ պատճառով այն տեղեկության հիման վրա, որը մենք և Իսրայելն ունենք և որով փոխանակվում ենք, կարելի է ասել, որ ժամանակ կա դիվանագիտական ջանքերը շարունակելու, միաժամանակ պատժամիջոցների և այլ միջոցների կիրառմամբ մեկուսացում ապահովելու և Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- նշել է նա:
Նա ասել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է այս ոլորտում Իրանի գործունեությանը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես կապի մեջ է Իսրայելի հետ և Թել Ավիվի հետ քննարկում է իրանական միջուկային հիմնախնդիրը:











































